Powered By Blogger

среда, 23 мая 2012 г.

Ռուսաստանի Լավագույն ԶՀՀ-ները


С-300
Պետությունը ՌԴ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Հայտնաբերման հեռահարությունը 600կմ
Խոցման հեռահարությունը 200-250կմ
Խոցման բարձրությունը 30կմ
Հակազդեցության ժամանակը 4-5վ
Խոցվող նշանակետերի քանակը 36, խմբային աշխատանքի դեպքում

Խորհրդային ԶՀՀ-ների ստեղծման ավանդույթները բավականին հին արմատներ և փորձ ունեն: Վիետնամի և Մերձավոր Արևելքի պատերազմների փորձը ցույց տվեց, որ բավական էր ընդամենը մեկ օդաչու հայտնաբերեր զենիթային համալիրների վայրը, կարճ ժամանակ անց արդեն նրանց վրա ինքնաթիռների կողմից հարձակում տեղի կունենար: Այս հանգամանքը հիմք հանդիսացավ հետագա հակաօդային և հակահրթիռային համալիրները շարժական մեքենաների վրա տեղադրելու համար: Հենց այդպիսի համալիր է նաև խորհրդային “С-300”-ը, որը բավականին մեծ ձեռքբերում էր: Նման համալիրները մի շարք առավելություններ ունեն: Մասնավորապես կարճ ժամանակահատվածում հիմնական (ստացիոնար) վիճակից մարտականի են անցնում և հակառակը: “С-300”-ը ռուսական հզոր ԶՀՀ է: Առաջին նմուշի (“С-300”) արտադրությունը սկսվել է 1978թ.: Իսկ 1979թ. “С-300” առաջին խումբը մտավ ԽՍՀՄ սպառազինություն: Հանդիսանալով աշխարհի եզակի համալիրներից մեկը` 1980-1990-ական թթ. այն կատարելագործման կարևոր փուլեր է անցել, ինչի հետևանքով մեծապես փոխվել են համալիրի մարտական և տեխնիկական հնարավորությունները: Այս համալիրի ստեղծման և մասնավորապես կատարելագործման վրա մեծ հետք թողեց ամերիկյան համարժեքի ստեղծումը և մասնավորապես կիրառությունը Պարսից Ծոցում: “С-300”-ը խորհրդային առաջին բազմաալիքային համալիր է: Այն ընդունակ է հետևելու 6 թիրախ և նրանց վրա կորդինացնելու 12 հրթիռ: Իրականում եղել են մի քանի “С-300”-ներ, որոնցից ոմանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Դրանք տարբեր զենքեր են: Կան համազորային, ռազմանավային, օբյեկտային պաշտպանության տարբերակներ: Մասնավորապես մեծ զարգացում ստացավ “С-300 П” շարքը: 1995-1997թթ. կատարելագործման արդյունքում ստեղծվեց “С-300 ПМУ-2”-ը, որը կարող է նաև խոցել մինչև 40 կմ հեռավորությամբ, 25կմ բարձրությամբ և 2.8կմ/վ արագությամբ թռչող բալիստիկ օպերատիվ մարտավարական հրթիռներ: Մնացած օդային հարձակման միջոցներին այն կարող է ոչնչացնել մինչև 200կմ հեռավորության և 30կմ բարձրության վրա: Կիրառվել են ավելի նորացված “48Н6Е2” հրթիռեր: “С-300 ПМУ-2”-ն իր մեջ ներառում է ռադիոէլեկտրոնային հայտնաբերմամբ ղեկավարման կայան, որի հետ կապված են 12 հրթիռարձակման կայանները` յուրաքնչյուրի վրա 4-ական հրթիռ: Նախապես կորդինատներն իմանալով` համալիրը հնարավորություն ունի նաև հարվածելու երկրի վրա գտնվող նշանակետերին: “С-300” ԶՀՀ-ները, չնայած մարտական կիրառության բացակայությանը, բարձր հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում և վաճառվում են արտասահման: Ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու, մրցակիցներին չզիջելու համար համալիրը ենթարկվեց նոր կատարելագործման, որի արդյունքում ի հայտ եկավ “С-400”-ը: Ըստ ներկայացված տվյալների` “Տրիումֆ”-ը, չնայած նրան, որ դեռ պատրաստ չէ, մի քանի անգամ ավելի հզոր է, քան` սովորական “С-300”-ները, քանի որ իրենից ներկայացնում է մի քանի “С-300”-ներ: Որոշ ռուս մասնագետներ կարծում են, որ այս շարքի լավագույն համալիրը “С-300 ВМД”-ն է, որի հրթիռները 2004թ. փորձարկման ժամանակ թիրախ են խոցել 302կմ հեռավորության վրա (իսկ նշանակետի արագությունը կարող է լինել մինչև 4,8 կմ/վ): “С-400” համալիրը փորձարկումների ժամանակ նման տվյալներ չի ապահովել:

_____________________________________________________________________________

“Бук М2”
Պետությունը ՌԴ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Հայտնաբերման հեռահարությունը 70-100կմ
Խոցման հեռահարությունը 35կմ
Խոցման բարձրությունը 22կմ
Հակազդեցության ժամանակը 24-27վ
Խոցվող նշանակետերի քանակը 2

Համազորային թրթուրավոր ինքնագնաց “Бук М2” ԶՀՀ-ը նախատեսված է` միջին և փոքր բարձրությունների վրա, մինչև 830մ/վ արագությամբ թռչող, շարժունակ աերոդինամիկ օդային թիրախների ոչնչացման համար: Այն ընդունակ է նաև խոցել մարտավարական բալիստիկ հրթիռներ: Ստեղծման աշխատանքները սկսվել են 1972թ.: Խմբաքանակային արտադրության է դրվել 1978թ.:
“Бук М2”-ն աշխարհի միջին հեռահարության լավագույն համալիրներից է: Գտնվում է Ռուսաստանի Դաշնության, բազմաթիվ երկրների սպառազինության մեջ և որոշ տեսակի նավերի վրա: Այս համալիրը 2008թ. կիրառվեց ռուս-վրացական պատերազմի ժամանակ և, չնայած տարակարծիք տեսակետներին, կիրառության արդյունքները համարվում են լավ: Դրանով է խոցվել նաև ռուսական ռազմավարական “Ту-22М” ռմբակոծիչը:

_______________________________________________________________________________


“Тор M2”
Պետությունը ՌԴ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Հայտնաբերման հեռահարությունը 15-20կմ
Խոցման հեռահարությունը 12կմ
Խոցման բարձրությունը 6կմ
Հակազդեցության ժամանակը 7-9վ
Խոցվող նշանակետերի քանակը 2

Զորային ՀՕՊ-ի “Тор M2” ԶՀՀ-ը ընդունակ է գործել եղանակային յուրաքանչյուր պայմաններում: Նախատեսված է հակաօդային և հակահրթիռային խնդիրների լուծման համար: Կարող է պայքարել հակառադիոլոկացիոն և թևավոր հրթիռների, հեռակառավարմամբ թռչող սարքերի, ինքնաթիռների ու ուղղաթիռների, “stealth” (անտեսանելի) համակարգով օժտված ԹՍ-ների դեմ: Համալիրի ստեղծման աշխատանքները սկսվել են 1975թ.: ԽՍՀՄ սպառազինություն է ընդունվել 1986թ.: Համալիրն ունի ութ “9М330” տեսակի կառավարվող հրթիռներ, որոնք արձակվում են ուղղահայաց և ընդունակ են խոցելու մինչը 700մ/վ (2500կմ/ժ) արագությամբ ընթացող հրթիռներ (1.5-ից մինչև 12կմ հեռավորության և 10մ-ից մինչև 6կմ բարձրության վրա): Ավելի կատարելագործված “Тор M2”-ն ունի ավելի բարձր մարտական տվյալներ: Համալիրի յուրահատկություններն են` աշխատանքների ավտոմատացումը, բազմալիքությունը, թիրախների խոցման առավել արդյունավետությունը, նրա մեքենայացվածությունը: Այս համալիրները հիանալի միջոցներ են լեռնաանտառային տեղանքում գործելու համար (հատկապես թաքստոցներից): Գտնվում է Ռուսաստանի Դաշնության և մի քանի այլ երկրների սպառազինության մեջ:



________________________________________________________________________________

“Панцирь-С1”
Պետությունը ՌԴ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Հայտնաբերման հեռահարությունը 36կմ
Խոցման հեռահարությունը 20կմ
Խոցման բարձրությունը 6-15կմ
Հակազդեցության ժամանակը 4-6վ
Խոցվող նշանակետերի քանակը 2 

Տեղային պատերազմների փորձը ցույց տվեց, որ զենիթային հրետանին դեռ վաղ է դուրս գրել, իսկ ԶՀՀ-ները մեծ խնդիրներ ունեն ցածր բարձրությունների վրա: Զենիթային ինքնագնաց կայանների միավորումը ԶՀՀ-ների հետ ժամանակի խնդիր էր: Հիմնական խոչընդոտը փոքր բաղկամասերն էին: Առաջինը նման միավորված համալիր ստեղծեց ԽՍՀՄ-ը: Դա հայտնի “Тунгуска” ԶՀՀ-ն էր: Համալիրը մարտական գործողությունների չմասնակցեց, անգամ սպառազինության մեջ չհայտնվեց մեծ քանակով: Տարբեր զենիթային կայանքները հրթիռներով հագեցնելու գործընթացը մեծ թափ ստացավ ամբողջ աշխարհում: Դրանք հիմնականում փոքր հեռահարության զորային ՀՕՊ միջոցների միավորում էին: 
Զենիթային հրանոթա-հրթիռային համալիրների ոլորտում բոլորովին նոր խոսք է նոր ռուսական “Панцирь-С1” համալիրը, որն իրենից ներկայացնում է “Тунгуска” ԶՀՀ-ի խորքային, հիմնարար զարգացում: Առանձնահատուկ են բիկալիբերային, իներցիայով թռչող, ղեկավարվող հրթիռներն ու արագաձիգ 30մմ-ոց հրանոթները: Ապշեցուցիչ են հիմնականում մարտավարատեխնիկական տվյալները, որոնք անգամ կասկածելի են: Զարմանալին այն է, որ այս համալիրների ստեղծման և կատարելագործման հիմնական աշխատանքներն իրականացվել են արտասահմանյան երկրների պատվերով և միայն վերջերս են ընդունվել ՌԴ-ն սպառազինության մեջ: Ժամանակը դեռ պիտի ապացուցի այս զենքի ապրելու իրավունքը: Բավականին մեծ են ևʹ գովեստները, ևʹ քննադատություններն այս զենքի հասցեին:



________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

четверг, 17 мая 2012 г.

ԽՍՀՄ/ՌԴ Տանկեր


“Т-90”
Պետությունը ԽՍՀՄ/ՌԴ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1992թ.
Քաշը 46,5տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9,5 հրանոթով/3,7/ 2,2մ
Սպառազիֆությունը 125մմ-ոց հրանոթ, մեկ 12,7 և մեկ 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 3 հոգի
Շարժիչի հզորությունը 1000 ձ.ուժ
Երթապաշարը 550կմ
Մարտապաշարը 42 արկ

Խորհրդային հրասայլերը միշտ մեծ հեղինակություն են ունեցել ամբողջ աշխարհում (բավական է միայն հիշել լեգենդար “Т-34”-ը): Այլ խնդիր է, թե իրականում խորհրդային հրասայլերն ինչ մարտական հատկանիշներով են օժտված: Դրանք բոլորն էլ պարզ են, հասարակ և էժան:
1950-ական թվականներից մինչև օրս բոլոր, համեմատաբար մասսայական հրասայլերի կիրառության դեպքում, խորհրդային հրասայլերը հիմնականում պարտություններ են կրել արևմտյան հրասայլերից: Իսկ արաբա-իսրայելական հակամարտությունների ժամանակ ուղղակի խայտառակ արդյունքներ են գրանցվել:
Խորհրդային հրասայլերի մեջ ամենահաջողված մեքենան, որը ընդունվել է բոլորի կողմից, “Т-72”-ն է: Այս հրասայլը կիրառվել է մի քանի պատերազմների ժամանակ, ամենատարածվածն է աշխարհում իր տեսակի մեջ և, անկախ կիրառության իրական արդյունքներից, հիմնականում սիրվել է կիրառողների կողմից: Հաջողված խորհրդային հրասայլը, բնականաբար, ժամանակի հետ մշտապես կատարելագործվել է: Եվ, ի վերջո, որպես կատարելագործման մի նոր մակարդակ, ներկայացվում է “Т-90”-ը: Ինչպես միշտ, խորհրդային հրասայլն իր տեսակի մեջ ամենափոքրն է, թեթևը: Այն պարզ է, հասարակ, էժան, հագեցած է ավտոմատ լիցքավորման համակարգով, կարող է ունենալ ակտիվ պաշտպանության համակարգ և անգամ կարող է կիրառել ղեկավարվող հրթիռներ: Սակայն այստեղ առավելությունները սկսում են զիջել թերություններին: Խորհրդային հրասայլերը շատ անհարմար են, ունեն շատ վատ զենքի ղեկավարման համակարգ և նշանոցային սարքավորումներ: Իրականում ոչ մի անգամ մարտական պայմաններում չեն կիրառվել ղեկավարվող հրթիռները և ակտիվ պաշտպանության համակարգը (չնայած նրան, որ խորհրդային հրասայլերն ամենապատերազմածն են վերջին 50 տարիների ընթացքում): Խորհրդային հրասայլերը հեշտությամբ ամբողջովին պայթում են: Մարտապաշարի դետոնացիան սովորական բան է: Այդ պատճառով սովորաբար անձնակազմը մարտից առաջ իր հետ վերցնում է մինչև 10 արկ: Խորհրդային հրասայլերը հիմնականում ոչ բարձրակարգ բանակների զենք են: Եվ, չնայած այս ամենին, պետք է հիշել իսրայելցի գեներալներից մեկի խոսքը “Т-72”-ի մասին.
‘‘Ճիշտ է, սրանք գերազանց հրասայլեր չեն, սակայն մենք սրանով էլ կհաղթենք‘‘: Այսինքն` իրականում մարդն է որոշում ամեն ինչ: Խորհրդային հրասայլերն ունեն նաև առավելություններ, որոնք կարելի է գրագիտորեն օգտագործել: Մենք հինգերորդ հորիզոնականում ներկայացնում ենք “Т-90”-ին, սակայն դա իրականում “Т-72”-ի մարտական ձեռքբերումների արդյունքն է: Այս հրասայլի հիման վրա աշխարհում ստեղծվել են մի քանի այլ նմուշներ, որոնք ներկայումս կիրառվում են տարբեր երկրներում:

_____________________________________________________________________________

“Т-55”
Պետությունը ԽՍՀՄ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները` 
Տարեթիվը 1946թ. 
Քաշը 36տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9 հրանոթով/3,2/ 2,3մ
Սպառազիֆությունը 100մմ-ոց հրանոթ, մեկ 12,7 հրանոթ և երկու 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 520 ձ.ուժ
Երթապաշարը 500կմ
Մարտապաշարը 43 արկ

Խորհրդային հրասայլերից ամենատարածվածը, ինչպես նաև աշխարհի ամենամասսայականը, “Т-55”-ն է, որը մինչև օրս ավանդական տեսքով գտնվում է մի շարք երկրների սպառազինության մեջ: Արտադրվել է ավելի քան 100 000 նման հրասայլ ԽՍՀՄ-ում և դաշնակից այլ երկրներում: Ավանդական հատկանիշների համաձայն` այն իրեն դրսևորել է որպես հասարակ և անխափան մեքենա, սակայն հրասայլային մենամարտերում, հավասար իրադրության մեջ հիմնականում զիջել է հակառակորդին: Չնայած դրան` միշտ հմուտ անձնակազմը կարողացել է հաղթանակներ տանել աշխարհի ամենատարբեր հատվածներում: Աշխարհի ամենատարածված հրասայլը նաև ամենապատերազմածն է, ինչն արդեն բավարար պիտի լիներ լավագույն տասնյակում հայտնվելու համար:

_______________________________________________________________________________


Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 

Մեծ Բրիտանիաի Լավագույն Տանկերը


Challenger 2”
Պետությունը Մեծ Բրիտանիա
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2001թ.
Քաշը 62,5 տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 11 հրանոթով/3,5/ 2,5մ
Սպառազիֆությունը 120մմ-ոց հրանոթ, երկու 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 1200 ձ.ուժ
Երթապաշարը 400կմ
Մարտապաշարը 52 արկ

Անգլիական հրասայլերն աշխարհում միշտ եղել են լավագույններից մեկը: Կան շատ լեգենդար անուններ: Անգլիական այս հրասայլը կարող էր առնվազն մեկ սանդղակ ավելի վերև լինել, եթե արտադրված լիներ մեծ քանակով: Նոր հրասայլը լավագույն ավանդույթներ ունեցող և մարտական փառահեղ ուղի անցած “Chieftain և Challenger” հրասայլերի զարգացումն է: Արտադրվել է մոտավորապես 400 միավորով, միայն Մեծ Բրիտանիայի բանակի համար: Հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով և կրում է գերժամանակակից սպառազինություն:
_______________________________________________________________________________


“Centurion”, “A41” 
Պետությունը Մեծ Բրիտանիա
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները` 
Տարեթիվը 1945թ. 
Քաշը 48տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 7,2 հրանոթով/3,3/ 3մ
Սպառազիֆությունը 76,2-115մմ-ոց հրանոթ, մեկ 20 հրանոթ և երկու 7,62մմ գնդացիր
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 640 ձ.ուժ
Երթապաշարը 500կմ
Մարտապաշարը 45-55 արկ

Ոմանք, իհարկե, կզարմանան` մեր տասնյակում տեսնելով այս և վերջին հորիզոնականի հրասայլերը: Սրանք ԵՀՊ-ից անմիջապես հետո ստեղծված մեքենաներ են և ներկայումս, իրենց տեխնիկական մակարդակով, զիջում են ոչ միայն առաջատարներին, այլ նաև` մի շարք փորձնական ու նոր հրասայլերին, ինչպիսին են` հնդկական, պարսկական, իտալական և այլ մեքենաները: Խնդիրն այստեղ յուրահատուկ է: Բանը նրանում է, որ սրանք հետպատերազմյան լեգենդար հրասայլեր են: Այդ մեքենաները մեծ հաջողություն ունեն ու տարածված են: Անգլիական այս հրասայլը կիրառվել է` սկսած կորեական պատերազմից: Այն հիմնականում մեծ համբավ ձեռք բերեց իսրայելական բանակում, որտեղ մեծ հաջողությամբ հաղթեց մրցակից խորհրդային հրասայլերին: Ժամանակի հետ այն կատարելագործվում էր և մասնակցում այլ պատերազմների: Իսրայելական բանակում կիրառվել է երկար ժամանակ` ենթարկվելով նաև տեղական կատարելագործման: Սակայն ամենազարմանալին այն է, որ այս հրասայլը կատարելագործվել է 1980-ականներին և 1987թ. Անգոլայում, մարտական գործողությունների ժամանակ հաղթել է խորհրդային “Т-55” և “Т-62” հրասայլերին: Մինչև օրս մնում է Հարավային Աֆրիկայի հանրապետության սպառազինության մեջ: 
_____________________________________________________________________________

Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 

Գերմանիաի Լավագույն Տանկը Leopard 2A6


“Leopard 2A6”
Պետությունը Գերմանիա
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2001թ.
Քաշը 62տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9,7 հրանոթով/3,7/ 2,8մ
Սպառազինությունը 120մմ-ոց հրանոթ, երկու 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 1500 ձ.ուժ
Երթապաշարը 550կմ
Մարտապաշարը 42 արկ

Գերմանական տանկաշինությունը միշտ եղել է բարձունքի վրա (երբեմն անհասանելի բարձունքի): ԵՀՊ-ից հետո գերմանական ռազմաարդյունաբերական համալիրը որոշ ժամանակ հնարավորություն չուներ մեջքը շտկելու: Առաջին հրասայլը նրանք ստեղծեցին 1965թ. և միանգամից զբաղեցրեցին իրենց արժանի տեղը: “Leopard 1” հրասայլը միանգամից ընդունվեց մի քանի երկրների սպառազինության մեջ և բարձր գնահատականի արժանացավ: Հրասայլը, քայլելով ժամանակի հետ, մշտապես կատարելագործվում է և ստանում նոր տեսք: 1973թ. ստեղծվեց նոր “Leopard 2” հրասայլը, որը նորից բարձր գնահատական ստացավ: Մինչև օրս արտադրվել է 3500 նման հրասայլ, որոնցից մոտ 500-ը վերջին տարատեսակի է: 2001թ. ստեղծված և մինչև օրս ակտիվորեն կատարելագործվող “Leopard 2A6” հրասայլն աշխարհի ամենաարդիական սպառազինությամբ և զենքի ղեկավարման համակարգով օժտված հրասայլերից մեկն է: Ներկայումս հագեցել է մոդուլային կառուցվածքով և գերժամանակակից այլ համակարգերով: Գերմանական այս հրասայլի 120 մմ-ոց հարթափող հրանոթը կիրառվում է նաև վերը նշված ամերիկյան հրասայլի և դրանից վերցված բազում այլ մեքենաների վրա:
_______________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ 
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ



ԱՄՆ-ի Լավագույն Տանկը M1 Abrams


“M1 Abrams”
Պետությունը ԱՄՆ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2000թ. (ՙM1A2SEP՚)
Քաշը 63տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9,8 հրանոթով/3,6/ 2,89մ
Սպառազինությունը 120մմ-ոց հրանոթ, մեկ 12,7մմ և երկու 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 1500 ձ.ուժ
Երթապաշարը 465կմ
Մարտապաշարը 40 արկ

Ամերիկյան այս հրասայլի ստեղծման աշխատանքները սկսվել են 1971թ.: Այն հանդիսանում էր նախորդ բարդ ծրագրերի պարզ տեսակը: Չնայած դրան` Կ. Աբրամս գեներալի անունը կրող ամերիկյան նոր հրասայլը, որ սպառազինության մեջ ընդունվեց 1981թ., բոլորովին նոր խոսք էր այս ոլորտում: Դասական կառուցվածքի հիմնական տարրերը պահպանելով հանդերձ` ամերիկյան կոնսրուկտորները նոր լուծումներ էին գտել, որոնք հետագայում չափորոշիչ դարձան բոլորի համար (մասնավորապես արկերի դասավորությունը, վառելիքի համակարգը, զենքի ղեկավարման համակարգը և այլն): Մինչև առաջին մարտական կիրառությունը հրասայլն արդեն անցել էր որոշակի կատարելագործումներ (մասնավորապես մեծացել էր հրանոթը): Ամերիկյան նոր հրասայլերն առաջին անգամ կիրառվել են 1991թ., Իրաքում` իրենց դրսևորելով հիանալի: Ռազմական պատմության մեջ վերջին մասսայական հրասայլային հակամարտության ժամանակ ամերիկյան հրասայլերը կրեցին որոշակի կորուստ, սակայն ջախջախիչ պարտության մատնեցին իրաքյան հրասայլերին: Հետագայում “M1 Abrams”-ներն անցան նոր կատարելագործման և մասնակցեցին ուրիշ մարտական գործողությունների: 2002թ., Իրաքում մասնակցելով հիմնականում ոչ ավանդական մարտերի, այս հրասայլերն ունեցել են որոշակի կորուստներ: Ընդհանուր առմամբ` 1130 հրասայլերից, որոնք մասնակցել են իրաքյան երկրորդ պատերազմին, շարքից դուրս են եկել մոտ 100 մեքենա, որոնցից 20-30-ը լիարժեք ոչնչացված են և ենթակա չեն վերականգնման: Սա քաղաքային մարտերի, թաքստոցների համար շատ բարձր ցուցանիշ է: Ոչ մի անձնակազմ մարտապաշարի դետոնացիայից չի մահացել: Զարմանալի չէ, որ իրենց ԶՈւ-երի հիմնական բաղադրիչներում, հրասայլերին մեծ տեղ չհատկացնող ամերիկյան բանակում նման հրասայլը մեծ համբավ է վայելում և առաքվում է բազում երկրներ: Միչև օրս այլ երկրներ առաքվել է ավելի քան 1500 մեքենա, իսկ ամերիկյան բանակում կա մոտ 6000 “M1 Abrams” հրասայլ: Ամերիկյան այս հրասայլի հիման վրա տարբեր երկրներում ստեղծվել են այլ մեքենաներ: “M1 Abrams”-ի ամենավերջին զարգացումներն ունեն ոչ միայն հրասայլերի մարտ վարելու, այլ` համազորային մարտ ղեկավարելու հնարավորություն: Դրանք ներդրված են ընդհանուր մարտի ամբողջական դաշտի կառավարման համակարգի մեջ: Սպառազինության մեջ ունեն նաև ղեկավարվող “ХМ943 STAFF” (“Smart Target Activated Fire and Forget”) հատուկ արկեր:


_______________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ



Իսրայելի Լավագույն Տանկը Merkava Мк-4


“Merkava Мк-4”
Պետությունը Իսրայել
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2002թ.
Քաշը 65տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9 հրանոթով/3,7/ 2,6մ
Սպառազինությունը- 120մմ-ոց հրանոթ, երկու 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 1500 ձ.ուժ
Երթապաշարը 500կմ
Մարտապաշարը 46 արկ

Իսրայելական ռազմաարդյունաբերական համալիրը դեռ 1960-ականներից աշխատում էր սեփական նախագծի հրասայլեր ստեղծելու ուղղությամբ: Առաջին հրասայլը` “Merkava Мк-1”-ը, սպառազինության մեջ ընդունվեց 1979թ. և մասնակցեց 1982թ. պատերազմին: Չնայած հիմնականում դրական մասնակցությանը` հրասայլը, բնականաբար, ուներ նաև որոշակի թերություններ: Ժամանակի հետ Իսրայելն այս ոլորտում ևս փորձ ձեռքբերելով` շարժվում էր առաջ: 1983թ. ի հայտ եկավ ավելի կատարելագործված “Merkava Мк-2”-ը, իսկ 1990թ.` “Merkava Мк-3”-ը: Սրանք արդեն, անխոս, իրենց ժամանակի լավագույն հրասայլերի հետ կարող էին մրցել ամեն ինչում: 2002թ. ստեղծվում է այս շարքի վերջին մեքենան` “Merkava Мк-4”-ը: Այն իր շատ տվյալներով գերազանցում է աշխարհի բոլոր մրցակիցներին: Իսրայելական մեքենայի հիմնական առանձնահատկությունն այլ մրցակիցներից այն է, որ շարժիչը տեղադրված է առջևում, ինչն անձնակազմին ավելի մեծ հնարավորություն է տալիս կենդանի մնալու համար: Անձնակազմը հետևից վթարային ելքի հատուկ դռնակ ունի, ինչը չտեսնված բան է: Իսրայելական հրասայլն ունի մոդուլային կառուցվածք: Այսինքն` խոցվելուց հնարավոր է փոխել միայն տվյալ մասը` վերանորոգումը դարձնելով արագ և էժան գործընթաց: Մարտապաշարը դասավորված է հատուկ կոնտեյներների մեջ, որպեսզի պայթյուն չառաջանա հարվածի դեպքում: Իսրայելական բոլոր հրասայլերն ունեն աշտարակների առանձնահատուկ կառուցվածք և տեսք, ինչը մեծ դեր է խաղում արկերից պաշտպանվելու գործում: Հրասայլը կարող է կիրառել հատուկ ղեկավարվող “LAHAT”
(“LAser Homing ATtack missile”) արկեր: Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ, 2006թ. իսրայելական հրասայլերը բավականին դժվարություններ կրեցին, քանի որ մարտերի մեջ էին մտնում ոչ համապատասխան հակառակորդի հետ: Նախնական տվյալներով, որոնք տարածվել էին համացանցում, “Հզբոլլա” կազմակերպության մարտիկները մեծ կորուստներ էին պատճառել իսրայելական զորքերին: Սակայն այսօր, արդեն հասանելի դարձած տվյալներով, պարզվում է, որ իրավիճակն այնքան էլ այդպես չէ: Պարտիզաններն արձակել են մոտ 1000 հակատանկային հրթիռներ, որոնց թվում զգալի էին նոր ռուսական հրթիռային համալիրներն ու նռնականետերը: Այդ արձակումներից հրասայլերին դիպել են 40-52-ը: 20-25-ի դեպքում է, որ հրթիռը վնաս է պատճառել զրահին կամ անձնակազմին: Անվերադարձ կորուստը հինգ հրասայլ է եղել: Իսկ փառահեղ գովազդ հանդիսացող տեսանյութերում, որոնք տարածված են համացանցում, պարզ երևում է, որ ամենահաջող խոցման դեպքում անգամ հրասայլերը չեն պայթում, իսկ անձնակազմը հիմնականում անվնաս լքում է այրվող հրասայլը: Այդ դեպքերից հետո որոշվեց հրասայլը հագեցնել նախապես պլանավորված, սակայն ֆինանսական պատճառներով հետաձգված, “Trophy” ակտիվ պաշտպանության համակարգով: 2011թ. մարտի 1-ին մարտական պայմաններում այս համակարգը հստակորեն աշխատեց և փրկեց հրասայլին ահաբեկիչների արձակած հրթիռից: Ահա թե ինչպիսին է աշխարհի ամենլավագույն հրասայլը, որն արդեն վաճառվում է :

________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ




среда, 2 мая 2012 г.

ԱՄՆ-ի Լավագույն Դիպուկահար Հրացանները

“CheyTac M-200”, “.408 Magnum”
Պետությունը - ԱՄՆ
Ընկերությունը “Mcmillan Bros” (“CheyTac LLC” փամփուշտի ստեղծողը)
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2001թ.
Փամփշտակալը 5 փամփուշտ
Քաշը 12.3կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1220/1400մմ հենակի բացման դեպքում
Փամփուշտը “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ), “.375 CheyTac” (9,5X77մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 2000-2500մ

Բազմաթիվ կրակողների համար 500մ հեռավորությունը համարվում է բավարար, իսկ լավ օպտիկական նշանոցային սաքավորումների առկայության դեպքում 1000մ-ն արդեն մեծ հեռավորություն է դառնում: “CheyTac M-200”, “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ)-ի համար սա ընդամենը նվազագույն հեռավորություն է համարվում: “CheyTac M-200”-ն ամերիկյան “Mcmillan Bros” ընկերության մեծ տրամաչափի (որոշ երկրներում մեծ է համարվում սկսած 12,7մմ-ից, սակայն հիմնականում մեծ տրամաչափ է համարվում 9մմ-ից բարձրը) դիպուկահար է, որը ստեղծվել է 2001թ., և մինչ օրս շարունակվում են դրա զարգացման աշխատանքները: Իր դիպուկահար մրցակիցներից այն առանձնանում է խոցման հեռահարությամբ և ճշգրտությամբ: Այս բացառիկ զենքի հիմնական առանձնահատկությունը նրա բացառիկ փամփուշտն է` “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ)-ը, որը յուրահատուկ, գերճշգրիտ բալիստիկայով և նրբանկատորեն պատրաստված մարտապաշար է: Նշենք նաև, որ աշխարհում ամենահեռուն խոցված թիրախը պատկանում է այս զենքի “կրտսեր եղբորը”` “Mcmillan Bros M-50”-ին: 2002թ. Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից իրականացվող “Անակոնդա” ռազմագործողության շրջանակներում կանադացի դիպուկահար Ռոբերտ Ֆառլոնգը 2430մ հեռավորության վրա կարողացել է խոցել հակառակորդի դիպուկահարին: “CheyTac M-200”-ն ավելի կատարելագործված տեսակ է: “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ) տրամաչափի փամփուշտն այս զենքի ամենամեծ յուրահատկությունն է: “CheyTac M-200”-ն իր հետ ունի տարածաչափիչ և բալիստիկ համակարգիչ, որի օգնությամբ դիպուկահարը հնարավորություն ունի չափել քամու արագությունը, երկրի ձգողական ուժը, պտույտը, տարածքի ջերմաստիճանը և այլն: Այն ավելի է մեծացնում թիրախի խոցման հավանականությունը: “CheyTac” ընկերությունն ունի դիպուկահարների կատարելացման հատուկ համակարգ: “CheyTac LRRS” հեռուն խոցող, դիպուկահար զենքի համակարգը հատուկ ստեղծվել է` մեծ հեռավորություններում “փափուկ” թիրախներ (“soft targets”, ամերիկյան աֆորիզմ, նշանակում է մարդ, ահաբեկիչ, հանցագործ) խոցելու համար: Այս շրջանակներում ընկերությունը ստեղծել է հատուկ 408 տրամաչափի փամփուշտ “.408 Cheyenne Tactical”-ը: Վերջինս ունի հատուկ կառուցվածք և ձև, ինչի շնորհիվ ունի բավական մեծ բալիստիկ արդյունավետություն և 2000մ-ից պահպանում է գերձայնային արագությունը (ձայնի արագությունը 320-345մ/վ): 700մ-ից ավելի հեռավորության վրա “.408 Cheyenne Tactical” տրամաչափի փամփուշտի էներգիան ավելի մեծ է, քան` “.50 BMG” (12.7մմ “Browning”)-ը` այն դեպքում, երբ 408 տրամաչափի փամփուշտը 30%-ով ավելի թեթև է, քան` 12.7մմ-ը: 1830 մ-ը 27.2 գրամանոց “.408 Cheyenne Tactical”-ն անցնում է 3 վայրկյանում, ինչը 1 վայրկյանով ավելի արագ է, քան` 12.7մմ-ը: Նշենք, որ կան նաև այլ տեսակի զենքեր: Մասնավորապես կարելի է առանձնացնել “M-310”-ը, որը նույնպես այդ փամփուշտներով է սնվում և գերճշգրիտ զենք է համարվում: Այս դիպուկահարին թեʹ արտաքնապես, թեʹ հնարավորություններով շատ նման է ռուսական “СВЛ”-ը: Վերջինս գրեթե ոչնչով չի տարբերվում “M-310”-ից և, կարելի է ասել, նրա ռուսական տարբերակն է: “CheyTac M-200”-ն իր գերճշգրիտ դիպուկության, հեռավորության և հարմարավետության համար մեր տասնյակում արժանիորեն գրավում է առաջին պատվավոր հորիզոնականը: Սա բացառիկ նրբանկատության դասի զենք է, բժշկական գործիք:


------------------------------------------------------------------------------------------------------------
“Barrett M99”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Barrett Firearms Company”
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1999թ.
Փամփշտակալը 5 փամփուշտ
Փողի երկարությունը 813, 737, 635մմ
Քաշը 11.34կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1280մմ
Փամփուշտը “.50 BMG” (12,7X99մմ), “.416 Barrett” (10,5X83մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 2600մ

“Barrett M99”-ն ամերիկյան “Barrett Firearms” ընկերության վերջին նորամուծություններից է: Դիպուկահարն առաջին անգամ 1999թ. է ներկայացվել հանրությանը, իսկ 2001թ. այս դիպուկահարից սահմանվել է ռեկորդ: “M99”-ը 1000մ հեռավորության վրա 10սմ տրամաչափով թիրախին 5 փամփուշտից խոցել է 5 անգամ: Այս ռեկորդը տպավորել է բազմաթիվ երկրների ներկայացուցիչներին: “Barrett”-ի հիմնական տեսակից “M99”-ը տարբերվում է նրանով, որ 4սմ-ով երկարացված է նրա փողը: Կա նաև “M99-1” տարբերակը, որտեղ փողը նույն երկարության է: Վերջինս հիմնականում նախատեսված է քաղաքային պայմաններում առաջադրանքներ կատարելու համար, երբ հեռավորությունն անհամեմատ մեծ չէ, բայց պահանջվում է հզորություն և դիպուկություն (oրինակ` մեքենաների կամ հանցագործների շարքից դուրս բերում, որոնք գտնվում են ապաստարանում և հասանելի չեն սովորական դիպուկահարին):
“M99”-ն ունի նաև մի շարք այլ տարբերություններ` “Barrett”-ի նախորդ 12.7մմ տրամաչափի տեսակների (“М82А1”, “М107” և “М95”) հետ համեմատած: Նախ և առաջ “Barrett M99”-ը միալիցք դիպուկահար է: Ամեն կրակոցից հետո անհրաժեշտ է կրկին փամփուշտ լիցքավորել: “M99”-ի փողային տուփն ամբողջովին ալյումինե ձուլվածք է, մինչդեռ “М82А1” և “М95”-ի մոտ դրանք երկաթից են և բաղկացած են երկու մասից: “M99”-ի փակաղակն ունի փոքր-ինչ այլ կառուցվածք: Նշենք նաև, որ վերջինս ունի մեկ այլ առավելություն ևս: “Barrett M99”-ն ունի նաև 416 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ: Այդ փամփուշտը 12.7մմ-ի հանդեպ ունի մի շարք առավելություններ: Այն ավելի թեթև է և ունի ավելի ճշգրիտ բալիստիկա: Այս տրամաչափի փամփուշտներն օգտագործվում են` հիմնականում 2000-2600մ հեռավորություններում թիրախներ խոցելու համար: Հենց այս փամփուշտով նշված հրացանը վերածվում է գերճշգրիտ համակարգի: “M99”-ը, ինչպես և իր ավագ եղբայրները, համազորային զենք չէ: Այս ահասարսուռ տեսք ունեցող դիպուկահարը, իր հզորության և դիպուկության համար, մեր տասնյակում գրավում է երկրորդ հորիզոնականը:




------------------------------------------------------------------------------------------------------------

“Barrett M107”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Barrett Firearms Company”
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1982թ.
Փամփշտակալը 5-10 փամփուշտ
Փողի երկարությունը 737մմ
Քաշը 14կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1450մմ
Փամփուշտը “.50 BMG” (12,7X99մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` ինքնալիցքավորվող փողի շարժման հաշվին
Խոցման հեռավորությունը 1850-2500մ

“Barrett M107”-ը հանդիսանում է “Barrett Firearms” ընկերության ամենահայտնի` “Barrett M 82” տեսակի կատարելագործումը: Այն արտաքնապես գրեթե չի տարբերվում “M 82”-ից, ունի “Picatinny” հարթակ: Այն սարք է, որի վրա կարելի է ամրացնել բազմաթիվ նշանոցային հարմարանքներ: Ներկայումս գրեթե բոլոր զենքերն արտադրվում են` այս հարմարանքը կրելու չափանիշներով: Որոշ փոփոխության է ենթարկվել նաև հենակը և զենքը տեղափոխելու բռնակը: Իսկ հիմնական փոփոխությունները կատարվել են զենքի ներքին կառուցվածքում, ինչը նպաստել է այդ դիպուկահար հրացանի հուսալիության մեծացմանը: “M107”-ն այլ կերպ անվանվում է նաև “М82А1M” կամ “М82А3”: Ռոննի Բարրետտի կողմից ստեղծված “Barrett” մակնիշի բոլոր դիպուկահար հրացանները, մյուսների հետ համեմատած, տարբերվում են իրենց հզորությամբ, հուսալիությամբ և դիպուկությամբ: Սա է պատճառը, որ “Barrett” ընկերության դիպուկահար հրացանները մեծ համբավ ունեն և գտնվում են բազմաթիվ երկրների (այդ թվում նաև ԱՄՆ) սպառազինությունում: 2005թ. “Barrett M107”-ը ճանաչվել է ԱՄՆ-ի սպառազինության 10 լավագույն գյուտերից մեկը: “Barrett M107”-ը միջազգային շուկայում ունի նաև արժանի մրցակիցներ, այնպիսի դիպուկահար հրացաններ, ինչպիսիք են` շվեյցարական “OM 50 Nemesis”-ը, բրիտանական “RPA "Rangemaster" .50” և “Accuracy International AS 50”-ը, գերմանական “DSR-Precision DSR 50”-ը: Այս դիպուկահարները մեկը մյուսի հանդեպ ունեն որոշակի առավելություններ, սակայն ամերիկյան հրացանն իր տեսակի մեջ ամենատարածվածն է: Զենքն ունի ինքնալիցքավորման ամենահզոր տեսակ, որը փամփուշտի գազերից ոչինչ չի վերցնում: “Barrett M107”-ը մեր տասնյակում զիջում է միայն գերճշգրիտ փամփուշտներով զենքերին: 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------


“Remington 700”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Remington Arms”
Տեսակը Տարբեր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1962թ.
Փամփշտակալը 4-6 փամփուշտ
Փողի երկարությունը 660մմ
Քաշը 4.08կգ (առանց նշանոցի և փամփուշտների)
Երկարությունը 1662մմ
Փամփուշտը “223 Remington” (5.56x45մմ NАТО) և “308 Winchester” (7.62x51մմ NАТО), “300 Winchester Magnum” (7.62x67մմ), “338 Lapua Magnum” (8.60x70մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 800-1500մ

“Remington 700”-ը դիպուկահար հրացանների լեգենդն է: Չկա աշխարհում մի արհեստավարժ դիպուկահար, որ չկամենա կրակել այս զենքից: Այն դասական հրացանների խորհրդանիշ է, որը սկիզբ է առնում ամենաառաջին բազմալիցք գերմանական և անգլիական հրացաններից: Համարվում է աշխարհի ամենատարածված դիպուկահար հրացան: Կան “Remington 700” բազմաթիվ տեսակներ (կան նաև որսորդական տարբերակներ), որոնք կիրառում են արևմտյան բոլոր հայտնի, հզոր փամփուշտները և լավագույն նշանոցները: Հիմնական տեսակի մոտ “308 Winchester” (7.62x51մմ) փամփուշտն է: Տեխնիկապես իրենից ներկայացնում է 4 լիցքանի սահող փակաղակով, դասական կառուցվածքի, սովորական դիպուկահար հրացան: Հրացանի արտադրությունը սկսվել է 1962թ. և մինչ օրս շարունակվում է: “R 700”-ը մեծ մասսայականություն է վայելում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ` ամբողջ աշխարհում: Այն ունի տարբեր տեսակներ և ամենատարածված ու ամենակիրառվող դիպուկահար հրացանն է աշխարհում: Այս հրացանի հիման վրա են ստեղծվել այնքան հայտնի դիպուկահար հրացաններ, ինչպիսիք են` “M-24”-ը, “M-40”-ը և այլն: “R 700”-ի տեսակներից թերևս, որպես վերջին նմուշ, կարելի է առանձնացնել “R 700 XCR TACTICAL”-ը, որը կրակում է “.338 Lapua Magnum” (8.59x70մմ) փամփուշտներ: Այդ փամփուշտը յուրօրինակ է: Ունենալով 8.59x70մմ տրամաչափ` այն ապահովում է դիպուկ խոցում` մինչև 1800մ հեռավորության վրա: Մեծ տրամաչափերից ցածր, ամենահզոր և դիպուկ փամփուշտն է աշխարհում, որի միակ մրցակիցն ամերիկյան համանման “.338 Remington Ultra Magnum”-ն է:

________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

четверг, 26 апреля 2012 г.

F-18E Super Hornet



“F-18E Super Hornet”
Պետությունը ԱՄՆ
Տեսակը Բազմանպատակ կործանիչ
Ընկերությունը “Boeing”
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1995թ.
Երկարությունը 18.31մ
Թևերի բացվածքը 13.62մ
Բարձրությունը 4.88մ
Թռիչքային քաշը 29937կգ
Թռիչքի առավելագույն արագությունը 1950կմ/ժ
Թռիչքի առաստաղը 15240մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3300կմ
Մարտական բեռնվածքի քաշը 8000կգ
Անձնակազմը 1-2 մարդ

“F-18 E Super Hornet”-ը բավականին նոր ինքնաթիռ է և “F-18 Hornet”-ի կատարելագործված տեսակն է: Ի տարբերություն հին տեսակի` թևերի բացվածքը 20% մեծացված է: Այս մոդելում ընդլայնված են ինքնաթիռի մարտական հնարավորությունները: Տեղադրված է նոր ռադիոտեղորոշման համակարգ, և նվազագույնի է հասցված ինքնաթիռի խոցելիությունը մարտի ժամանակ: Այս հարցում ԱՄՆ-ի ՌՕՈւ-ը շատ հավասարակշիռ մոտեցում է ցուցաբերել: Այս մոդելում “Boeing” ընկերությունը շեշտը դրել է ոչ թե ինքնաթիռի քիչ տեսանելիության վրա, այլ` մարտում կենսունակության և մարտական ունակությունների ընդլայնման վրա: “F-18 E Super Hornet”-ը ճկուն և արագընթաց ինքնաթիռ է, ոչ լիարժեք հինգերորդ սերնդի կործանիչ: Ինքնաթիռը կիրառվում է ոչ միայն որպես ՌԾՈւ-ի (Ռազմածովային ուժեր) հիմնական կործանիչ, այլ նաև կարող է հանդես գալ որպես լիցքավորող (այս առումով այն բացառիկ է): Նոր “Super Hornet”-ը նաև հանդես է գալիս, որպես ՌԾՈւ-երի ռադիոպայքարի հիմնական ինքնաթիռ, որի համար զինված է գերժամանակակից համակարգերով: Թեև “F-18 E Super Hornet”-ը բավական հաջող է իրեն դրսևորել պատերազմական գործողությունների ժամանակ և ապացուցել է իր իսկական բազմանպատակությունը, սակայն, ի տարբերություն իր ավագ եղբայրների (“F-15 Eagle”, “F-16” “Fighting Falcon”), բացառիկ ցուցանիշներ չի գրանցել: Վերջին կիրառությունը Լիբիայում ևս ապացուցեցին այս կործանիչի հիանալի հատկանիշները, սակայն ևս մեկ անգամ փաստեցին, որ այս կործանիչի ավանդական թույլ տեղը մնում է շարժիչների հզորությունը: Դրանց վերացման դեպքում այն կարող էր հայտնվել 4-5-րդ տեղում `հետ թողնելով ռուսական բոլոր կործանիչներին, քանի որ մարտական հատկանիշները ընդհանուրով բավականին առաջնային դիրքերում են:


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

ՄիԳ-31







“МиГ-31”
Պետությունը ԽՍՀՄ / ՌԴ
Տեսակը Կործանիչ-կալանիչ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1981թ.
Երկարությունը 22.6մ
Թևերի բացվածքը 13.46մ
Բարձրությունը 5.1մ
Թռիչքային քաշը 46000կգ
Թռիչքի առավելագույն արագությունը 3000կմ/ժ
Թռիչքի առաստաղը 21600մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3300կմ
Մարտական բեռնվածքի քաշը 3000կգ
Անձնակազմը 2 մարդ

Չորրորդ սերնդի առաջին խորհրդային կործանիչ-կալանիչ “МиГ-31”-ը ստեղծված է (հատկապես միջին և մեծ հեռավորություններում) օդային թիրախները որսալու և ոչնչացնելու համար `ցերեկով և գիշերով, անկախ եղանակային պարզ և բարդ պայմաններից (նաև հակառակորդի ակտիվ և պասիվ ռադիոխանգարումների դեպքում): “МиГ-31”-ը բավական հզոր, գերձայնային կործանիչ է` համալրված նոր տեխնոլոգիաներով: “МиГ-31”-ի ստեղծման աշխատանքները սկսվել են 1968թ: Այն ստեղծվել է “МиГ-25”-ի հիման վրա: Այս ինքնաթիռի մոտ մարտական գործողությունների հնարավորությունները լայնորեն ընդարձակվել է` շնորհիվ նոր ռադիոտեղորոշման էլեկտրոնային համակարգի: Այն շատ արդյունավետ ինքնաթիռ է: Չորս “МиГ-31”-ից բաղկացած խումբը կարող է հսկել 800-900կմ լայնքով տարածք: Այն ունի նաև օդում վերալիցքավորվելու հնարավորություն: “МиГ-31”-ի անվան հետ մինչ օրս շատ անհայտ բաներ կան կապված: Միայն մի նախադասությամբ կարելի է նշել, որ “МиГ-31”-ը ՌԴ-ն ամենաարդյունավետ և հզոր հակաօդային պաշտպանության համալիրն է: Այն կարող է միաժամանակ հայտնաբերել հարյուրավոր նշանակետեր, ուղեկցել նրանցից 24-ին, որոշել ամենավտանգավորներին և խոցել միաժամանակ 8-ին` մինչև 180-200կմ հեռավորության վրա: Այս ծանրաքաշ կործանիչը, շնորհիվ իր բացառիկ հնարավորությունների և սպառազինության, յուրահատուկ տեղ է գրավում համաշխարհային ավիաշինությունում: 


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

ՍՈՒ-30







“Су-30”
Պետությունը ԽՍՀՄ / ՌԴ
Տեսակը Բազմաֆունկցիոնալ կործանիչ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1989թ.
Երկարությունը 21.9մ
Թևերի բացվածքը 14,7մ
Բարձրությունը 6.35մ
Թռիչքային քաշը 33000կգ
Թռիչքի առավելագույն արագությունը 2125կմ/ժ
Թռիչքի առաստաղը 19820մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3500կմ
Մարտական բեռնվածքի քաշը 8000կգ
Անձնակազմը 2 մարդ

ԽՍՀՄ ռուսական բազմաֆունկցիոնալ երկտեղանի կործանիչը ստեղծված է “Су-27”-ի հիման վրա և նրա կատարելագործված տեսակն է: Ստեղծվել է օդում գերազանցություն ապահովելու նպատակով: Ինքնաթիռը հիանալի է իրեն դրսևորում մոտիկ մարտերի ժամանակ: Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար: Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը:Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել: Ի տարբերություն “Су-27”-ի` “Су-30”-ն ընդունակ է մարտական գործողություններ վարել ավելի մեծ հեռավորությունների վրա` միևնույն ժամանակ հրամանատարական կետ հանդիսանալով այլ ինքնաթիռների համար: “Су-30”-ն ունի նաև օդում վերալիցքավորման հնարավորություն: Նոր ռադիոլոկացիոն, համակարգչային լուծումների և նոր հրթիռների շնորհիվ է, որ մարտական առաջադրանքներ կատարելիս մեծացել է կործանիչի արդյունավետությունը: Նշենք, որ “Су-30”-ը հիմնականում գտնվում է հնդկական ՌՕՈւ-երի սպառազինության մեջ, իսկ ռուսական ՌՕՈւ-երում դրանց քանակը սահմանափակ է: Մի քանի զորավարժությունների ժամանակ հնդկական կործանիչներն օդային ուսումնական մարտերում հաղթել են ամերիկյան և եվրոպական կործանիչներին, ինչը հիմք ծառայեց, որպեսզի արագացվի “F-22”-ի ծրագիրը: 


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Dassault Rafale







“Dassault Rafale”
Պետությունը Ֆրանսիա
Տեսակը Բազմանպատակ կործանիչ
Ընկերությունը “Dassault aviation”
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1986թ.
Երկարությունը 15.27մ
Թևերի բացվածքը 10.80մ
Բարձրությունը 5.34մ
Թռիչքի առավելագույն արագությունը 2130կմ/ժ
Թռիչքային քաշը 24000կգ
Թռիչքի առաստաղը 16800մ
Թռիչքի հեռավորությունը 3700կմ
Մարտական բեռնվածքի քաշը 8000-9000կգ
Անձնակազմը 1-2 մարդ

Չորրորդ սերնդի բարելավված աստիճանի Ֆրանսիական բազմաֆունկցիոնալ կործանիչը ստեղծվել է “Dassault aviation” ընկերության կողմից: Այն ստեղծվել է ACX (“Advanced Combat Experimental”) ծրագրի շրջանակներում` նոր տեխնոլոգիաներ կիրառելու համար, և իր ունակություններով առավել մոտ է հինգերորդ սերնդին: Այն եկել է փոխարինելու Ֆրանսիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերում գտնվող “Mirage F-1”, “Սուպեր Էտանդեր”, “F-8”, իսկ հետագայում` “Mirage-2000” կործանիչներին: Այն ունի բավականին ժամանակակից ՌՏԿ, նոր էլեկտրոնային սարքավորումներ: Ինքնաթիռը կառուցված է “բադ” սխեմայով, ունի հիանալի թռիչքա-տեխնիկական հնարավորություններ: “Rafale”-ում օգտագործված են ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ: Ինքնաթիռն ունի նաև իր երկտեղանի տարբերակը, որը կոչվում է “Rafale B”: Այս կործանիչի ստեղծմամբ Ֆրանսիան ապացուցեց, որ ավիաշինության ասպարեզում մնում է առաջատար դիրքերում: Իսկ 2011թ. մարտի 9-ին սկսված Լիբիայի դեմ պատերազմում, ՆԱՏՕ-ի կազմում գտնվող “Rafale”-ներն իրենց փայլուն դրսևորեցին: 2011թ. մարտի 24-ին այս կործանիչը խոցեց լիբիական բանակի “G-2 Galeb” մարտական ինքնաթիռը: Հատկանշականն այն է, որ այս ռազմական գործողություններից հետո Հնդկաստանը և Հունաստանը, որոնք հետաքրքրված են մի շարք կործանիչներով (“МиГ-29”, “F-18”, “F-16”, “Rafale”, “Eurofighter”), ամենայն հավանականությամբ նախապատվությունը կտան “Rafale”-ին կամ “Eurofighter”-ին:


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Eurofighter EF-2000 Typhoon




“Eurofighter EF-2000 Typhoon”
Պետությունը Եվրոպա
Տեսակը Բազմանպատակ կործանիչ
Ընկերությունը “Eurofighter”
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1994թ.
Երկարությունը 15.96մ
Թևերի բացվածքը 10.95մ
Բարձրությունը 5.28մ
Թռիչքի առավելագույն արագությունը 2125կմ/ժ
Թռիչքային քաշը 23500կգ
Թռիչքի առաստաղը 19800մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 2900կմ
Մարտական բեռնվածքի քաշը 8000կգ
Անձնակազմը 1 մարդ

“Eurofighter EF-2000 Typhoon”-ը բազմաֆունկցիոնալ, “բադ” սխեմայով կառուցված կործանիչ է: Ինքնաթիռի կառուցվածքային հատկություններում ընդգրկված են ինքնաթիռաշինության վերջին նվաճումները: Ինքնաթիռն ունի եռանկյունի թևեր և առջևի հորիզոնական հարթություններ, ինչը բավական բարձր խուսավարելիություն է ապահովում հատկապես գրոհի մեծ անկյունների ժամանակ: Նման սխեման մի շարք առավելություններ ունի: Այն հատկապես նվազեցնում է ինքնաթիռի չենթարկվելու գործակիցը գերձայնային արագությունների ժամանակ և իրեն հիանալի է դրսևորում անհատական գործողությունների ժամանակ: Չնայած “Typhoon”-ը չի դասվում անտեսանելի (“Stealth” ծրագրով ստեղծված) թռչող սարքերի դասին, սակայն, ստեղծողների հավաստմամբ, նվազագույնի է հասցված նրա տեսանելիությունը հակառակորդի ՌՏԿ-ների համար: Ներկայումս “Typhoon”-ը գտնվում է մի շարք երկրների` մասնավորապես Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Սաուդիան Արաբիայի սպառազինության մեջ:
Մեր տասնյակում տեղ գտած “Eurofighter”-ը, “Rafale”-ը, “Mirage 2000”-ը, “JAS 39 Gripen”-ը պատկանում են թեթև կործանիչների դասին: Կործանիչներ, որոնց դատարկ քաշը կազմում է մոտ 10 տոննա, սակայն մարտական հատկանիշներով դրանք մոտ են մեծ, մարտավարական կործանիչներին: Նշվածների մեջ առավելությունը տրվել է եվրոպական կործանիչին` հենվելով մանրամասն ուսումնասիրությունների վրա: Լիբիայի պատերազմում “Eurofighter”-ը և “Rafale”-ն իրենց փայլուն դրսևորեցին: “Eurofighter”-ը, ինչպես և “Rafale”-ը, իր հնարավորություններով առավել մոտ է հինգերորդ սերնդին: Ահա հիմնական այն պատճառները, որ նրանք հայտնվել են այս տեղերում: 


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

F-16 Fighting Falcon






“F-16 Fighting Falcon”
Պետությունը ԱՄՆ
Տեսակը Կործանիչ
Ընկերությունը “General Dynamics”
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1975թ.
Երկարությունը 15.03մ
Թևերի բացվածքը 9.45մ
Բարձրությունը 5.09մ
Թռիչքային առավելագույն քաշը 21772կգ
Թռիչքի առավելագույն արագությունը 2124կմ/ժ
Թռիչքի առաստաղը 15242մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3705կմ
Մարտական բեռնվածքի քաշը 5000-7000կգ
Անձնակազմը 1 մարդ

“F–16”-ն ամերիկյան բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է` ստեղծված “General Dynamics” ընկերության կողմից: Շնորհիվ իր բազմակողմանի հատկանիշների և ոչ բարձր գնի` “F–16”-ը մեծ հաջողություններ է գրանցում միջազգային շուկայում: Այն գտնվում է շուրջ 24 երկրների սպառազինությունում: “F–16”-ը համարվում է չորրորդ սերնդի ամենամասսայական և ամենապատերազմած կործանիչը: Հաջողությունները փայլուն են ինչպես օդային մարտերում, այնպես էլ ցամաքային գործողությունների ժամանակ: Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներն ընթացել են 1960-ական թ. վերջերից մինչև 1975թ.: “F–16”-ն իր հատկանիշներով սիրվեց և, տարածվելով աշխարհում, գերազանցեց “Mirage 2000”, “Viggen” կործանիչներին: Մինչ 2009թ. ստեղծվել է շուրջ 5000 “F–16” կործանիչ: Չնայած թեթև քաշին` այն ունի բավական բարձր քարշազինվածություն: Օդաչուի խցիկի յուրահատուկ կառուցվածքն օդաչուի տեսադաշտի համար շատ կարևոր է: “F–16”-ը բարձր արդյունավետությամբ է գործում թեʹ խմբային, թեʹ անհատական գործողությունների ժամանակ: Այս փաստը բազմիցս ապացուցվել է հատկապես իրաքյան 1991թ. և 2003թ. (ինչպես նաև այլ մարտական գործողությունների ժամանակ): Օդային մարտերում “F–16”-ը, շնորհիվ իր լավ հատկանիշների, ինչպես նաև լավ նշանոցային սարքավորումների և սպառազինության, արձանագրել է յուրահատուկ ցուցանիշներ: Ամերիկյան ՌՕՈւ-երի և աշխարհի ամենամասսայական կործանիչը լինելու հանգամանքը մեծ հեղինակություն է տալիս “F–16”-ին: Ներկայումս այդ կործանիչի կատարելագործումները նրան կարծես նոր կյանք են խոստանում:


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

F-15c Eagle








“F-15c Eagle”
Պետությունը ԱՄՆ
Տեսակը Մարտավարական կործանիչ
Ընկերությունը “McDonnell Douglas”
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1974թ.
Երկարությունը 19.44մ
Թևերի բացվածքը 13.05մ
Բարձրությունը 5.63մ
Թռիչքային քաշը` առավելագույն մարտական բեռնվածքով 20240կգ
Թռիչքի առավելագույն արագությունը 2650կմ/ժ
Թռիչքի առաստաղը 19000մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3900կմ
Մարտական բեռնվածքի քաշը 7200կգ
Անձնակազմը 1 մարդ

Ամերիկյան “McDonnell Douglas” ընկերության “F–15”-ը չորրորդ սերնդի ամերիկյան մարտավարական կործանիչ է: Այն իր ուրույն տեղն ունի բոլոր ժամանակների կործանիչների շարքում: “F–15”-ն ԱՄՆ-ի պատմության այն յուրահատուկ ինքնաթիռներից է (նախորդ փառահեղ “Մուսթանգ”, “Սեյբր”, “Ֆանտոմ-2” կործանիչների կողքին), որը մեծ համբավ է բերել ԱՄՆ-ի օդուժին: “Eagle”-ն իր մեջ ներառում է ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ, բարձր քաշազինվածություն: Այն ընդունակ է մարտեր վարել մեծ հեռավորությունների վրա: “F–15”-ն իրեն մրցակից կործանիչներից տարբերվում է իր յուրօրինակ հատկանիշներով: Ինքնաթիռում տեղադրված է մարտավարական ռադիոէլեկտրոնային հակազդեցության համակարգ: Թեև “F–15”-ը ստեղծվել է հեռավոր 1974թ., սակայն մինչ օրս մնում է բոլոր ժամանակների լավագույն կործանիչներից մեկը: “F–15”-ն իր կիրառության ընթացքում ռեակտիվ դարաշրջանի ամենաահեղ օդային մարտերում (1980-1990-ականների հակամարտություններ) կարողացել է ունենալ ավելի քան 100 օդային հաղթանակ` առանց որևէ կորստի: Սա չգերազանցված ցուցանիշ է և հավանաբար չի գերազանցվի մրցակիցների կողմից: Ինքնաթիռի համար պատերազմի դաշտն ամենալուրջ և ամենակարևոր փորձություն է, որը “F–15”-ը փառքով է անցել: 


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

F–22 Raptor




“F–22 Raptor”
Պետություն ԱՄՆ
Տեսակը Բազմանպատակ կործանիչ
Ընկերությունը “Lockheed Martin”
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1997թ.
Երկարությունը 18.92մ
Թևերի բացվածքը 13.56մ
Բարձրությունը 5.9մ
Թռիչքային քաշը` առավելագույն մարտական բեռնվածքով 28000կգ
Թռիչքի առաստաղը 19800մ
Թռիչքի հեռավորությունը 3900կմ
Մարտական բեռնվածքի քաշը 11000կգ
Անձնակազմը 1 մարդ

Ամերիկյան “Lockheed Martin” ընկերության “F-22”-ը նոր` հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ է: Այն ստեղծվել է կործանիչների կատարելացման “ATF” (Advanced Tactical Fighter) ծրագրի շրջանակներում: “F-22”-ը հինգերորդ սերնդի կործանիչն է աշխարհում և մինչև օրս միակ խմբաքանակով արտադրվածը: Համալրված է նոր, երկու տուրբոռեակտիվ երկկոնտուրային շարժիչներով, որոնք ունեն թվային կառավարում և ամենահզորն են իրենց տեսակի մեջ:
Կործանիչի հիմնական հատկանիշներն են` գերձայնային, հիմնական (կրեյսերական) արագություն, քիչ նկատելիություն` հակառակորդի ՌՏԿ-ների տեսադաշտում (լայնորեն կիրառված է “Stealth” ծրագիրը), հիանալի խուսավարելու (մանևրելու) ունակություն (այդ թվում` նաև գերձայնային արագության պայմաններում), բարձր արդյունավետություն` օդային մարտի բոլոր տեսակներում, առանձնակի հնարավորություններ` ոչ մոտակա օդային մարտում: Փայլուն է գործում նաև խմբային գործողությունների ժամանակ: Շնորհիվ ցածր նկատելիության և նոր, ակտիվ մոդուլային (ֆազային ալեհավաքային ցանց) ռադիոտեղորոշման համակարգի` ինքնաթիռը գործում է “Առաջինը տեսար, առաջինը խոցեցիր” սկզբունքով, ինչը յուրահատուկ է դարձնում կործանիչը: “F-22”-ի նոր ռադիոլոկացիոն համակարգը ընդունակ է ոչ միայն տեղեկություն տալ օդաչուին` օդում հայտնաբերված ինքնաթիռի մասին, այլև նշել նրանում գտնվող թերություններն ու վառելիքի եղած պաշարը և այլ տվյալներ, ինչը բացառիկ է և շատ կարևոր օդաչուի համար `օդային մարտը կազմակերպելու գործում: “F-22”-ը համարվում է բոլոր ժամանակների ամենաահեղ, ամենաթանկ կործանիչն աշխարհում: Այս կործանիչը բոլոր համեմատություններից դուրս է: Ահա այս բոլոր հատկանիշների շնորհիվ` “F-22 Raptor”-ը լավագույն տասնյակում գրավում է առաջին հորիզոնականը: Հետաքրքիր է այն փաստը, որ սպառազինությունում գտնվող միակ, լիարժեք, հինգերորդ սերնդի կործանիչը նախորդ սերնդի` ամերիկյան “F-15”, “F-16”, “F-18” կործանիչների հետ ուսումնական օդային մարտերում արձանագրել է հաղթանակներ` 144:0 փոխհարաբերությամբ: Օդային մարտերն ընթացել են մեկը չորսի հարաբերությամբ` հոգուտ վերջիններիս, իսկ հաղթանակները հիմնականում արձանագրվել են հեռակա մարտերում: Խառը մարտակարգով օդային մարտերում “F-22”-ը հաղթել է 241:2 փոխհարաբերությամբ: Երկու պարտությունները կրել են “F-22”-ների կողմից ղեկավարվող “F-15”-ները, որոնց օդաչուները համեմատաբար անփորձ էին: Ավելացնենք նաև, որ Ռուսաստանը ևս ստեղծել է հինգերորդ սերնդի կործանիչ: ՊԱԿ ՖԱ ծրագրի շրջանակում ստեղծված ռուսական հինգերորդ սերնդի կործանիչը` “Տ-50”-ը, դեռ սպառազինությունում չկա: Ընթանում են դրա փորձարկման աշխատանքները: Ռուս մասնագետների հավաստմամբ` այն կգերազանցի “F-22”-ին, սակայն “ՊԱԿ ՖԱ Տ-50”-ի մասին դեռ շատ քիչ տեղեկություններ են հայտնի:


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ