Powered By Blogger

среда, 2 мая 2012 г.

ԱՄՆ-ի Լավագույն Դիպուկահար Հրացանները

“CheyTac M-200”, “.408 Magnum”
Պետությունը - ԱՄՆ
Ընկերությունը “Mcmillan Bros” (“CheyTac LLC” փամփուշտի ստեղծողը)
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2001թ.
Փամփշտակալը 5 փամփուշտ
Քաշը 12.3կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1220/1400մմ հենակի բացման դեպքում
Փամփուշտը “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ), “.375 CheyTac” (9,5X77մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 2000-2500մ

Բազմաթիվ կրակողների համար 500մ հեռավորությունը համարվում է բավարար, իսկ լավ օպտիկական նշանոցային սաքավորումների առկայության դեպքում 1000մ-ն արդեն մեծ հեռավորություն է դառնում: “CheyTac M-200”, “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ)-ի համար սա ընդամենը նվազագույն հեռավորություն է համարվում: “CheyTac M-200”-ն ամերիկյան “Mcmillan Bros” ընկերության մեծ տրամաչափի (որոշ երկրներում մեծ է համարվում սկսած 12,7մմ-ից, սակայն հիմնականում մեծ տրամաչափ է համարվում 9մմ-ից բարձրը) դիպուկահար է, որը ստեղծվել է 2001թ., և մինչ օրս շարունակվում են դրա զարգացման աշխատանքները: Իր դիպուկահար մրցակիցներից այն առանձնանում է խոցման հեռահարությամբ և ճշգրտությամբ: Այս բացառիկ զենքի հիմնական առանձնահատկությունը նրա բացառիկ փամփուշտն է` “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ)-ը, որը յուրահատուկ, գերճշգրիտ բալիստիկայով և նրբանկատորեն պատրաստված մարտապաշար է: Նշենք նաև, որ աշխարհում ամենահեռուն խոցված թիրախը պատկանում է այս զենքի “կրտսեր եղբորը”` “Mcmillan Bros M-50”-ին: 2002թ. Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից իրականացվող “Անակոնդա” ռազմագործողության շրջանակներում կանադացի դիպուկահար Ռոբերտ Ֆառլոնգը 2430մ հեռավորության վրա կարողացել է խոցել հակառակորդի դիպուկահարին: “CheyTac M-200”-ն ավելի կատարելագործված տեսակ է: “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ) տրամաչափի փամփուշտն այս զենքի ամենամեծ յուրահատկությունն է: “CheyTac M-200”-ն իր հետ ունի տարածաչափիչ և բալիստիկ համակարգիչ, որի օգնությամբ դիպուկահարը հնարավորություն ունի չափել քամու արագությունը, երկրի ձգողական ուժը, պտույտը, տարածքի ջերմաստիճանը և այլն: Այն ավելի է մեծացնում թիրախի խոցման հավանականությունը: “CheyTac” ընկերությունն ունի դիպուկահարների կատարելացման հատուկ համակարգ: “CheyTac LRRS” հեռուն խոցող, դիպուկահար զենքի համակարգը հատուկ ստեղծվել է` մեծ հեռավորություններում “փափուկ” թիրախներ (“soft targets”, ամերիկյան աֆորիզմ, նշանակում է մարդ, ահաբեկիչ, հանցագործ) խոցելու համար: Այս շրջանակներում ընկերությունը ստեղծել է հատուկ 408 տրամաչափի փամփուշտ “.408 Cheyenne Tactical”-ը: Վերջինս ունի հատուկ կառուցվածք և ձև, ինչի շնորհիվ ունի բավական մեծ բալիստիկ արդյունավետություն և 2000մ-ից պահպանում է գերձայնային արագությունը (ձայնի արագությունը 320-345մ/վ): 700մ-ից ավելի հեռավորության վրա “.408 Cheyenne Tactical” տրամաչափի փամփուշտի էներգիան ավելի մեծ է, քան` “.50 BMG” (12.7մմ “Browning”)-ը` այն դեպքում, երբ 408 տրամաչափի փամփուշտը 30%-ով ավելի թեթև է, քան` 12.7մմ-ը: 1830 մ-ը 27.2 գրամանոց “.408 Cheyenne Tactical”-ն անցնում է 3 վայրկյանում, ինչը 1 վայրկյանով ավելի արագ է, քան` 12.7մմ-ը: Նշենք, որ կան նաև այլ տեսակի զենքեր: Մասնավորապես կարելի է առանձնացնել “M-310”-ը, որը նույնպես այդ փամփուշտներով է սնվում և գերճշգրիտ զենք է համարվում: Այս դիպուկահարին թեʹ արտաքնապես, թեʹ հնարավորություններով շատ նման է ռուսական “СВЛ”-ը: Վերջինս գրեթե ոչնչով չի տարբերվում “M-310”-ից և, կարելի է ասել, նրա ռուսական տարբերակն է: “CheyTac M-200”-ն իր գերճշգրիտ դիպուկության, հեռավորության և հարմարավետության համար մեր տասնյակում արժանիորեն գրավում է առաջին պատվավոր հորիզոնականը: Սա բացառիկ նրբանկատության դասի զենք է, բժշկական գործիք:


------------------------------------------------------------------------------------------------------------
“Barrett M99”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Barrett Firearms Company”
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1999թ.
Փամփշտակալը 5 փամփուշտ
Փողի երկարությունը 813, 737, 635մմ
Քաշը 11.34կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1280մմ
Փամփուշտը “.50 BMG” (12,7X99մմ), “.416 Barrett” (10,5X83մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 2600մ

“Barrett M99”-ն ամերիկյան “Barrett Firearms” ընկերության վերջին նորամուծություններից է: Դիպուկահարն առաջին անգամ 1999թ. է ներկայացվել հանրությանը, իսկ 2001թ. այս դիպուկահարից սահմանվել է ռեկորդ: “M99”-ը 1000մ հեռավորության վրա 10սմ տրամաչափով թիրախին 5 փամփուշտից խոցել է 5 անգամ: Այս ռեկորդը տպավորել է բազմաթիվ երկրների ներկայացուցիչներին: “Barrett”-ի հիմնական տեսակից “M99”-ը տարբերվում է նրանով, որ 4սմ-ով երկարացված է նրա փողը: Կա նաև “M99-1” տարբերակը, որտեղ փողը նույն երկարության է: Վերջինս հիմնականում նախատեսված է քաղաքային պայմաններում առաջադրանքներ կատարելու համար, երբ հեռավորությունն անհամեմատ մեծ չէ, բայց պահանջվում է հզորություն և դիպուկություն (oրինակ` մեքենաների կամ հանցագործների շարքից դուրս բերում, որոնք գտնվում են ապաստարանում և հասանելի չեն սովորական դիպուկահարին):
“M99”-ն ունի նաև մի շարք այլ տարբերություններ` “Barrett”-ի նախորդ 12.7մմ տրամաչափի տեսակների (“М82А1”, “М107” և “М95”) հետ համեմատած: Նախ և առաջ “Barrett M99”-ը միալիցք դիպուկահար է: Ամեն կրակոցից հետո անհրաժեշտ է կրկին փամփուշտ լիցքավորել: “M99”-ի փողային տուփն ամբողջովին ալյումինե ձուլվածք է, մինչդեռ “М82А1” և “М95”-ի մոտ դրանք երկաթից են և բաղկացած են երկու մասից: “M99”-ի փակաղակն ունի փոքր-ինչ այլ կառուցվածք: Նշենք նաև, որ վերջինս ունի մեկ այլ առավելություն ևս: “Barrett M99”-ն ունի նաև 416 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ: Այդ փամփուշտը 12.7մմ-ի հանդեպ ունի մի շարք առավելություններ: Այն ավելի թեթև է և ունի ավելի ճշգրիտ բալիստիկա: Այս տրամաչափի փամփուշտներն օգտագործվում են` հիմնականում 2000-2600մ հեռավորություններում թիրախներ խոցելու համար: Հենց այս փամփուշտով նշված հրացանը վերածվում է գերճշգրիտ համակարգի: “M99”-ը, ինչպես և իր ավագ եղբայրները, համազորային զենք չէ: Այս ահասարսուռ տեսք ունեցող դիպուկահարը, իր հզորության և դիպուկության համար, մեր տասնյակում գրավում է երկրորդ հորիզոնականը:




------------------------------------------------------------------------------------------------------------

“Barrett M107”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Barrett Firearms Company”
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1982թ.
Փամփշտակալը 5-10 փամփուշտ
Փողի երկարությունը 737մմ
Քաշը 14կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1450մմ
Փամփուշտը “.50 BMG” (12,7X99մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` ինքնալիցքավորվող փողի շարժման հաշվին
Խոցման հեռավորությունը 1850-2500մ

“Barrett M107”-ը հանդիսանում է “Barrett Firearms” ընկերության ամենահայտնի` “Barrett M 82” տեսակի կատարելագործումը: Այն արտաքնապես գրեթե չի տարբերվում “M 82”-ից, ունի “Picatinny” հարթակ: Այն սարք է, որի վրա կարելի է ամրացնել բազմաթիվ նշանոցային հարմարանքներ: Ներկայումս գրեթե բոլոր զենքերն արտադրվում են` այս հարմարանքը կրելու չափանիշներով: Որոշ փոփոխության է ենթարկվել նաև հենակը և զենքը տեղափոխելու բռնակը: Իսկ հիմնական փոփոխությունները կատարվել են զենքի ներքին կառուցվածքում, ինչը նպաստել է այդ դիպուկահար հրացանի հուսալիության մեծացմանը: “M107”-ն այլ կերպ անվանվում է նաև “М82А1M” կամ “М82А3”: Ռոննի Բարրետտի կողմից ստեղծված “Barrett” մակնիշի բոլոր դիպուկահար հրացանները, մյուսների հետ համեմատած, տարբերվում են իրենց հզորությամբ, հուսալիությամբ և դիպուկությամբ: Սա է պատճառը, որ “Barrett” ընկերության դիպուկահար հրացանները մեծ համբավ ունեն և գտնվում են բազմաթիվ երկրների (այդ թվում նաև ԱՄՆ) սպառազինությունում: 2005թ. “Barrett M107”-ը ճանաչվել է ԱՄՆ-ի սպառազինության 10 լավագույն գյուտերից մեկը: “Barrett M107”-ը միջազգային շուկայում ունի նաև արժանի մրցակիցներ, այնպիսի դիպուկահար հրացաններ, ինչպիսիք են` շվեյցարական “OM 50 Nemesis”-ը, բրիտանական “RPA "Rangemaster" .50” և “Accuracy International AS 50”-ը, գերմանական “DSR-Precision DSR 50”-ը: Այս դիպուկահարները մեկը մյուսի հանդեպ ունեն որոշակի առավելություններ, սակայն ամերիկյան հրացանն իր տեսակի մեջ ամենատարածվածն է: Զենքն ունի ինքնալիցքավորման ամենահզոր տեսակ, որը փամփուշտի գազերից ոչինչ չի վերցնում: “Barrett M107”-ը մեր տասնյակում զիջում է միայն գերճշգրիտ փամփուշտներով զենքերին: 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------


“Remington 700”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Remington Arms”
Տեսակը Տարբեր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1962թ.
Փամփշտակալը 4-6 փամփուշտ
Փողի երկարությունը 660մմ
Քաշը 4.08կգ (առանց նշանոցի և փամփուշտների)
Երկարությունը 1662մմ
Փամփուշտը “223 Remington” (5.56x45մմ NАТО) և “308 Winchester” (7.62x51մմ NАТО), “300 Winchester Magnum” (7.62x67մմ), “338 Lapua Magnum” (8.60x70մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 800-1500մ

“Remington 700”-ը դիպուկահար հրացանների լեգենդն է: Չկա աշխարհում մի արհեստավարժ դիպուկահար, որ չկամենա կրակել այս զենքից: Այն դասական հրացանների խորհրդանիշ է, որը սկիզբ է առնում ամենաառաջին բազմալիցք գերմանական և անգլիական հրացաններից: Համարվում է աշխարհի ամենատարածված դիպուկահար հրացան: Կան “Remington 700” բազմաթիվ տեսակներ (կան նաև որսորդական տարբերակներ), որոնք կիրառում են արևմտյան բոլոր հայտնի, հզոր փամփուշտները և լավագույն նշանոցները: Հիմնական տեսակի մոտ “308 Winchester” (7.62x51մմ) փամփուշտն է: Տեխնիկապես իրենից ներկայացնում է 4 լիցքանի սահող փակաղակով, դասական կառուցվածքի, սովորական դիպուկահար հրացան: Հրացանի արտադրությունը սկսվել է 1962թ. և մինչ օրս շարունակվում է: “R 700”-ը մեծ մասսայականություն է վայելում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ` ամբողջ աշխարհում: Այն ունի տարբեր տեսակներ և ամենատարածված ու ամենակիրառվող դիպուկահար հրացանն է աշխարհում: Այս հրացանի հիման վրա են ստեղծվել այնքան հայտնի դիպուկահար հրացաններ, ինչպիսիք են` “M-24”-ը, “M-40”-ը և այլն: “R 700”-ի տեսակներից թերևս, որպես վերջին նմուշ, կարելի է առանձնացնել “R 700 XCR TACTICAL”-ը, որը կրակում է “.338 Lapua Magnum” (8.59x70մմ) փամփուշտներ: Այդ փամփուշտը յուրօրինակ է: Ունենալով 8.59x70մմ տրամաչափ` այն ապահովում է դիպուկ խոցում` մինչև 1800մ հեռավորության վրա: Մեծ տրամաչափերից ցածր, ամենահզոր և դիպուկ փամփուշտն է աշխարհում, որի միակ մրցակիցն ամերիկյան համանման “.338 Remington Ultra Magnum”-ն է:

________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Комментариев нет:

Отправить комментарий