Powered By Blogger

четверг, 17 мая 2012 г.

Գերմանիաի Լավագույն Տանկը Leopard 2A6


“Leopard 2A6”
Պետությունը Գերմանիա
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2001թ.
Քաշը 62տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9,7 հրանոթով/3,7/ 2,8մ
Սպառազինությունը 120մմ-ոց հրանոթ, երկու 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 1500 ձ.ուժ
Երթապաշարը 550կմ
Մարտապաշարը 42 արկ

Գերմանական տանկաշինությունը միշտ եղել է բարձունքի վրա (երբեմն անհասանելի բարձունքի): ԵՀՊ-ից հետո գերմանական ռազմաարդյունաբերական համալիրը որոշ ժամանակ հնարավորություն չուներ մեջքը շտկելու: Առաջին հրասայլը նրանք ստեղծեցին 1965թ. և միանգամից զբաղեցրեցին իրենց արժանի տեղը: “Leopard 1” հրասայլը միանգամից ընդունվեց մի քանի երկրների սպառազինության մեջ և բարձր գնահատականի արժանացավ: Հրասայլը, քայլելով ժամանակի հետ, մշտապես կատարելագործվում է և ստանում նոր տեսք: 1973թ. ստեղծվեց նոր “Leopard 2” հրասայլը, որը նորից բարձր գնահատական ստացավ: Մինչև օրս արտադրվել է 3500 նման հրասայլ, որոնցից մոտ 500-ը վերջին տարատեսակի է: 2001թ. ստեղծված և մինչև օրս ակտիվորեն կատարելագործվող “Leopard 2A6” հրասայլն աշխարհի ամենաարդիական սպառազինությամբ և զենքի ղեկավարման համակարգով օժտված հրասայլերից մեկն է: Ներկայումս հագեցել է մոդուլային կառուցվածքով և գերժամանակակից այլ համակարգերով: Գերմանական այս հրասայլի 120 մմ-ոց հարթափող հրանոթը կիրառվում է նաև վերը նշված ամերիկյան հրասայլի և դրանից վերցված բազում այլ մեքենաների վրա:
_______________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ 
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ



ԱՄՆ-ի Լավագույն Տանկը M1 Abrams


“M1 Abrams”
Պետությունը ԱՄՆ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2000թ. (ՙM1A2SEP՚)
Քաշը 63տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9,8 հրանոթով/3,6/ 2,89մ
Սպառազինությունը 120մմ-ոց հրանոթ, մեկ 12,7մմ և երկու 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 1500 ձ.ուժ
Երթապաշարը 465կմ
Մարտապաշարը 40 արկ

Ամերիկյան այս հրասայլի ստեղծման աշխատանքները սկսվել են 1971թ.: Այն հանդիսանում էր նախորդ բարդ ծրագրերի պարզ տեսակը: Չնայած դրան` Կ. Աբրամս գեներալի անունը կրող ամերիկյան նոր հրասայլը, որ սպառազինության մեջ ընդունվեց 1981թ., բոլորովին նոր խոսք էր այս ոլորտում: Դասական կառուցվածքի հիմնական տարրերը պահպանելով հանդերձ` ամերիկյան կոնսրուկտորները նոր լուծումներ էին գտել, որոնք հետագայում չափորոշիչ դարձան բոլորի համար (մասնավորապես արկերի դասավորությունը, վառելիքի համակարգը, զենքի ղեկավարման համակարգը և այլն): Մինչև առաջին մարտական կիրառությունը հրասայլն արդեն անցել էր որոշակի կատարելագործումներ (մասնավորապես մեծացել էր հրանոթը): Ամերիկյան նոր հրասայլերն առաջին անգամ կիրառվել են 1991թ., Իրաքում` իրենց դրսևորելով հիանալի: Ռազմական պատմության մեջ վերջին մասսայական հրասայլային հակամարտության ժամանակ ամերիկյան հրասայլերը կրեցին որոշակի կորուստ, սակայն ջախջախիչ պարտության մատնեցին իրաքյան հրասայլերին: Հետագայում “M1 Abrams”-ներն անցան նոր կատարելագործման և մասնակցեցին ուրիշ մարտական գործողությունների: 2002թ., Իրաքում մասնակցելով հիմնականում ոչ ավանդական մարտերի, այս հրասայլերն ունեցել են որոշակի կորուստներ: Ընդհանուր առմամբ` 1130 հրասայլերից, որոնք մասնակցել են իրաքյան երկրորդ պատերազմին, շարքից դուրս են եկել մոտ 100 մեքենա, որոնցից 20-30-ը լիարժեք ոչնչացված են և ենթակա չեն վերականգնման: Սա քաղաքային մարտերի, թաքստոցների համար շատ բարձր ցուցանիշ է: Ոչ մի անձնակազմ մարտապաշարի դետոնացիայից չի մահացել: Զարմանալի չէ, որ իրենց ԶՈւ-երի հիմնական բաղադրիչներում, հրասայլերին մեծ տեղ չհատկացնող ամերիկյան բանակում նման հրասայլը մեծ համբավ է վայելում և առաքվում է բազում երկրներ: Միչև օրս այլ երկրներ առաքվել է ավելի քան 1500 մեքենա, իսկ ամերիկյան բանակում կա մոտ 6000 “M1 Abrams” հրասայլ: Ամերիկյան այս հրասայլի հիման վրա տարբեր երկրներում ստեղծվել են այլ մեքենաներ: “M1 Abrams”-ի ամենավերջին զարգացումներն ունեն ոչ միայն հրասայլերի մարտ վարելու, այլ` համազորային մարտ ղեկավարելու հնարավորություն: Դրանք ներդրված են ընդհանուր մարտի ամբողջական դաշտի կառավարման համակարգի մեջ: Սպառազինության մեջ ունեն նաև ղեկավարվող “ХМ943 STAFF” (“Smart Target Activated Fire and Forget”) հատուկ արկեր:


_______________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ



Իսրայելի Լավագույն Տանկը Merkava Мк-4


“Merkava Мк-4”
Պետությունը Իսրայել
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2002թ.
Քաշը 65տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9 հրանոթով/3,7/ 2,6մ
Սպառազինությունը- 120մմ-ոց հրանոթ, երկու 7,62մմ գնդացիրներ
Անձնակազմը 4 հոգի
Շարժիչի հզորությունը 1500 ձ.ուժ
Երթապաշարը 500կմ
Մարտապաշարը 46 արկ

Իսրայելական ռազմաարդյունաբերական համալիրը դեռ 1960-ականներից աշխատում էր սեփական նախագծի հրասայլեր ստեղծելու ուղղությամբ: Առաջին հրասայլը` “Merkava Мк-1”-ը, սպառազինության մեջ ընդունվեց 1979թ. և մասնակցեց 1982թ. պատերազմին: Չնայած հիմնականում դրական մասնակցությանը` հրասայլը, բնականաբար, ուներ նաև որոշակի թերություններ: Ժամանակի հետ Իսրայելն այս ոլորտում ևս փորձ ձեռքբերելով` շարժվում էր առաջ: 1983թ. ի հայտ եկավ ավելի կատարելագործված “Merkava Мк-2”-ը, իսկ 1990թ.` “Merkava Мк-3”-ը: Սրանք արդեն, անխոս, իրենց ժամանակի լավագույն հրասայլերի հետ կարող էին մրցել ամեն ինչում: 2002թ. ստեղծվում է այս շարքի վերջին մեքենան` “Merkava Мк-4”-ը: Այն իր շատ տվյալներով գերազանցում է աշխարհի բոլոր մրցակիցներին: Իսրայելական մեքենայի հիմնական առանձնահատկությունն այլ մրցակիցներից այն է, որ շարժիչը տեղադրված է առջևում, ինչն անձնակազմին ավելի մեծ հնարավորություն է տալիս կենդանի մնալու համար: Անձնակազմը հետևից վթարային ելքի հատուկ դռնակ ունի, ինչը չտեսնված բան է: Իսրայելական հրասայլն ունի մոդուլային կառուցվածք: Այսինքն` խոցվելուց հնարավոր է փոխել միայն տվյալ մասը` վերանորոգումը դարձնելով արագ և էժան գործընթաց: Մարտապաշարը դասավորված է հատուկ կոնտեյներների մեջ, որպեսզի պայթյուն չառաջանա հարվածի դեպքում: Իսրայելական բոլոր հրասայլերն ունեն աշտարակների առանձնահատուկ կառուցվածք և տեսք, ինչը մեծ դեր է խաղում արկերից պաշտպանվելու գործում: Հրասայլը կարող է կիրառել հատուկ ղեկավարվող “LAHAT”
(“LAser Homing ATtack missile”) արկեր: Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ, 2006թ. իսրայելական հրասայլերը բավականին դժվարություններ կրեցին, քանի որ մարտերի մեջ էին մտնում ոչ համապատասխան հակառակորդի հետ: Նախնական տվյալներով, որոնք տարածվել էին համացանցում, “Հզբոլլա” կազմակերպության մարտիկները մեծ կորուստներ էին պատճառել իսրայելական զորքերին: Սակայն այսօր, արդեն հասանելի դարձած տվյալներով, պարզվում է, որ իրավիճակն այնքան էլ այդպես չէ: Պարտիզաններն արձակել են մոտ 1000 հակատանկային հրթիռներ, որոնց թվում զգալի էին նոր ռուսական հրթիռային համալիրներն ու նռնականետերը: Այդ արձակումներից հրասայլերին դիպել են 40-52-ը: 20-25-ի դեպքում է, որ հրթիռը վնաս է պատճառել զրահին կամ անձնակազմին: Անվերադարձ կորուստը հինգ հրասայլ է եղել: Իսկ փառահեղ գովազդ հանդիսացող տեսանյութերում, որոնք տարածված են համացանցում, պարզ երևում է, որ ամենահաջող խոցման դեպքում անգամ հրասայլերը չեն պայթում, իսկ անձնակազմը հիմնականում անվնաս լքում է այրվող հրասայլը: Այդ դեպքերից հետո որոշվեց հրասայլը հագեցնել նախապես պլանավորված, սակայն ֆինանսական պատճառներով հետաձգված, “Trophy” ակտիվ պաշտպանության համակարգով: 2011թ. մարտի 1-ին մարտական պայմաններում այս համակարգը հստակորեն աշխատեց և փրկեց հրասայլին ահաբեկիչների արձակած հրթիռից: Ահա թե ինչպիսին է աշխարհի ամենլավագույն հրասայլը, որն արդեն վաճառվում է :

________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ




среда, 2 мая 2012 г.

ԱՄՆ-ի Լավագույն Դիպուկահար Հրացանները

“CheyTac M-200”, “.408 Magnum”
Պետությունը - ԱՄՆ
Ընկերությունը “Mcmillan Bros” (“CheyTac LLC” փամփուշտի ստեղծողը)
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 2001թ.
Փամփշտակալը 5 փամփուշտ
Քաշը 12.3կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1220/1400մմ հենակի բացման դեպքում
Փամփուշտը “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ), “.375 CheyTac” (9,5X77մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 2000-2500մ

Բազմաթիվ կրակողների համար 500մ հեռավորությունը համարվում է բավարար, իսկ լավ օպտիկական նշանոցային սաքավորումների առկայության դեպքում 1000մ-ն արդեն մեծ հեռավորություն է դառնում: “CheyTac M-200”, “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ)-ի համար սա ընդամենը նվազագույն հեռավորություն է համարվում: “CheyTac M-200”-ն ամերիկյան “Mcmillan Bros” ընկերության մեծ տրամաչափի (որոշ երկրներում մեծ է համարվում սկսած 12,7մմ-ից, սակայն հիմնականում մեծ տրամաչափ է համարվում 9մմ-ից բարձրը) դիպուկահար է, որը ստեղծվել է 2001թ., և մինչ օրս շարունակվում են դրա զարգացման աշխատանքները: Իր դիպուկահար մրցակիցներից այն առանձնանում է խոցման հեռահարությամբ և ճշգրտությամբ: Այս բացառիկ զենքի հիմնական առանձնահատկությունը նրա բացառիկ փամփուշտն է` “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ)-ը, որը յուրահատուկ, գերճշգրիտ բալիստիկայով և նրբանկատորեն պատրաստված մարտապաշար է: Նշենք նաև, որ աշխարհում ամենահեռուն խոցված թիրախը պատկանում է այս զենքի “կրտսեր եղբորը”` “Mcmillan Bros M-50”-ին: 2002թ. Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից իրականացվող “Անակոնդա” ռազմագործողության շրջանակներում կանադացի դիպուկահար Ռոբերտ Ֆառլոնգը 2430մ հեռավորության վրա կարողացել է խոցել հակառակորդի դիպուկահարին: “CheyTac M-200”-ն ավելի կատարելագործված տեսակ է: “.408 Cheyenne Tactical” (10,3X77մմ) տրամաչափի փամփուշտն այս զենքի ամենամեծ յուրահատկությունն է: “CheyTac M-200”-ն իր հետ ունի տարածաչափիչ և բալիստիկ համակարգիչ, որի օգնությամբ դիպուկահարը հնարավորություն ունի չափել քամու արագությունը, երկրի ձգողական ուժը, պտույտը, տարածքի ջերմաստիճանը և այլն: Այն ավելի է մեծացնում թիրախի խոցման հավանականությունը: “CheyTac” ընկերությունն ունի դիպուկահարների կատարելացման հատուկ համակարգ: “CheyTac LRRS” հեռուն խոցող, դիպուկահար զենքի համակարգը հատուկ ստեղծվել է` մեծ հեռավորություններում “փափուկ” թիրախներ (“soft targets”, ամերիկյան աֆորիզմ, նշանակում է մարդ, ահաբեկիչ, հանցագործ) խոցելու համար: Այս շրջանակներում ընկերությունը ստեղծել է հատուկ 408 տրամաչափի փամփուշտ “.408 Cheyenne Tactical”-ը: Վերջինս ունի հատուկ կառուցվածք և ձև, ինչի շնորհիվ ունի բավական մեծ բալիստիկ արդյունավետություն և 2000մ-ից պահպանում է գերձայնային արագությունը (ձայնի արագությունը 320-345մ/վ): 700մ-ից ավելի հեռավորության վրա “.408 Cheyenne Tactical” տրամաչափի փամփուշտի էներգիան ավելի մեծ է, քան` “.50 BMG” (12.7մմ “Browning”)-ը` այն դեպքում, երբ 408 տրամաչափի փամփուշտը 30%-ով ավելի թեթև է, քան` 12.7մմ-ը: 1830 մ-ը 27.2 գրամանոց “.408 Cheyenne Tactical”-ն անցնում է 3 վայրկյանում, ինչը 1 վայրկյանով ավելի արագ է, քան` 12.7մմ-ը: Նշենք, որ կան նաև այլ տեսակի զենքեր: Մասնավորապես կարելի է առանձնացնել “M-310”-ը, որը նույնպես այդ փամփուշտներով է սնվում և գերճշգրիտ զենք է համարվում: Այս դիպուկահարին թեʹ արտաքնապես, թեʹ հնարավորություններով շատ նման է ռուսական “СВЛ”-ը: Վերջինս գրեթե ոչնչով չի տարբերվում “M-310”-ից և, կարելի է ասել, նրա ռուսական տարբերակն է: “CheyTac M-200”-ն իր գերճշգրիտ դիպուկության, հեռավորության և հարմարավետության համար մեր տասնյակում արժանիորեն գրավում է առաջին պատվավոր հորիզոնականը: Սա բացառիկ նրբանկատության դասի զենք է, բժշկական գործիք:


------------------------------------------------------------------------------------------------------------
“Barrett M99”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Barrett Firearms Company”
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1999թ.
Փամփշտակալը 5 փամփուշտ
Փողի երկարությունը 813, 737, 635մմ
Քաշը 11.34կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1280մմ
Փամփուշտը “.50 BMG” (12,7X99մմ), “.416 Barrett” (10,5X83մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 2600մ

“Barrett M99”-ն ամերիկյան “Barrett Firearms” ընկերության վերջին նորամուծություններից է: Դիպուկահարն առաջին անգամ 1999թ. է ներկայացվել հանրությանը, իսկ 2001թ. այս դիպուկահարից սահմանվել է ռեկորդ: “M99”-ը 1000մ հեռավորության վրա 10սմ տրամաչափով թիրախին 5 փամփուշտից խոցել է 5 անգամ: Այս ռեկորդը տպավորել է բազմաթիվ երկրների ներկայացուցիչներին: “Barrett”-ի հիմնական տեսակից “M99”-ը տարբերվում է նրանով, որ 4սմ-ով երկարացված է նրա փողը: Կա նաև “M99-1” տարբերակը, որտեղ փողը նույն երկարության է: Վերջինս հիմնականում նախատեսված է քաղաքային պայմաններում առաջադրանքներ կատարելու համար, երբ հեռավորությունն անհամեմատ մեծ չէ, բայց պահանջվում է հզորություն և դիպուկություն (oրինակ` մեքենաների կամ հանցագործների շարքից դուրս բերում, որոնք գտնվում են ապաստարանում և հասանելի չեն սովորական դիպուկահարին):
“M99”-ն ունի նաև մի շարք այլ տարբերություններ` “Barrett”-ի նախորդ 12.7մմ տրամաչափի տեսակների (“М82А1”, “М107” և “М95”) հետ համեմատած: Նախ և առաջ “Barrett M99”-ը միալիցք դիպուկահար է: Ամեն կրակոցից հետո անհրաժեշտ է կրկին փամփուշտ լիցքավորել: “M99”-ի փողային տուփն ամբողջովին ալյումինե ձուլվածք է, մինչդեռ “М82А1” և “М95”-ի մոտ դրանք երկաթից են և բաղկացած են երկու մասից: “M99”-ի փակաղակն ունի փոքր-ինչ այլ կառուցվածք: Նշենք նաև, որ վերջինս ունի մեկ այլ առավելություն ևս: “Barrett M99”-ն ունի նաև 416 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ: Այդ փամփուշտը 12.7մմ-ի հանդեպ ունի մի շարք առավելություններ: Այն ավելի թեթև է և ունի ավելի ճշգրիտ բալիստիկա: Այս տրամաչափի փամփուշտներն օգտագործվում են` հիմնականում 2000-2600մ հեռավորություններում թիրախներ խոցելու համար: Հենց այս փամփուշտով նշված հրացանը վերածվում է գերճշգրիտ համակարգի: “M99”-ը, ինչպես և իր ավագ եղբայրները, համազորային զենք չէ: Այս ահասարսուռ տեսք ունեցող դիպուկահարը, իր հզորության և դիպուկության համար, մեր տասնյակում գրավում է երկրորդ հորիզոնականը:




------------------------------------------------------------------------------------------------------------

“Barrett M107”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Barrett Firearms Company”
Տեսակը Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1982թ.
Փամփշտակալը 5-10 փամփուշտ
Փողի երկարությունը 737մմ
Քաշը 14կգ (առանց նշանոցի)
Երկարությունը 1450մմ
Փամփուշտը “.50 BMG” (12,7X99մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` ինքնալիցքավորվող փողի շարժման հաշվին
Խոցման հեռավորությունը 1850-2500մ

“Barrett M107”-ը հանդիսանում է “Barrett Firearms” ընկերության ամենահայտնի` “Barrett M 82” տեսակի կատարելագործումը: Այն արտաքնապես գրեթե չի տարբերվում “M 82”-ից, ունի “Picatinny” հարթակ: Այն սարք է, որի վրա կարելի է ամրացնել բազմաթիվ նշանոցային հարմարանքներ: Ներկայումս գրեթե բոլոր զենքերն արտադրվում են` այս հարմարանքը կրելու չափանիշներով: Որոշ փոփոխության է ենթարկվել նաև հենակը և զենքը տեղափոխելու բռնակը: Իսկ հիմնական փոփոխությունները կատարվել են զենքի ներքին կառուցվածքում, ինչը նպաստել է այդ դիպուկահար հրացանի հուսալիության մեծացմանը: “M107”-ն այլ կերպ անվանվում է նաև “М82А1M” կամ “М82А3”: Ռոննի Բարրետտի կողմից ստեղծված “Barrett” մակնիշի բոլոր դիպուկահար հրացանները, մյուսների հետ համեմատած, տարբերվում են իրենց հզորությամբ, հուսալիությամբ և դիպուկությամբ: Սա է պատճառը, որ “Barrett” ընկերության դիպուկահար հրացանները մեծ համբավ ունեն և գտնվում են բազմաթիվ երկրների (այդ թվում նաև ԱՄՆ) սպառազինությունում: 2005թ. “Barrett M107”-ը ճանաչվել է ԱՄՆ-ի սպառազինության 10 լավագույն գյուտերից մեկը: “Barrett M107”-ը միջազգային շուկայում ունի նաև արժանի մրցակիցներ, այնպիսի դիպուկահար հրացաններ, ինչպիսիք են` շվեյցարական “OM 50 Nemesis”-ը, բրիտանական “RPA "Rangemaster" .50” և “Accuracy International AS 50”-ը, գերմանական “DSR-Precision DSR 50”-ը: Այս դիպուկահարները մեկը մյուսի հանդեպ ունեն որոշակի առավելություններ, սակայն ամերիկյան հրացանն իր տեսակի մեջ ամենատարածվածն է: Զենքն ունի ինքնալիցքավորման ամենահզոր տեսակ, որը փամփուշտի գազերից ոչինչ չի վերցնում: “Barrett M107”-ը մեր տասնյակում զիջում է միայն գերճշգրիտ փամփուշտներով զենքերին: 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------


“Remington 700”
Պետությունը ԱՄՆ
Ընկերությունը “Remington Arms”
Տեսակը Տարբեր տրամաչափի դիպուկահար հրացան
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Տարեթիվը 1962թ.
Փամփշտակալը 4-6 փամփուշտ
Փողի երկարությունը 660մմ
Քաշը 4.08կգ (առանց նշանոցի և փամփուշտների)
Երկարությունը 1662մմ
Փամփուշտը “223 Remington” (5.56x45մմ NАТО) և “308 Winchester” (7.62x51մմ NАТО), “300 Winchester Magnum” (7.62x67մմ), “338 Lapua Magnum” (8.60x70մմ)
Աշխատանքի մեխանիզմը Սահող փակաղակ` առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը 800-1500մ

“Remington 700”-ը դիպուկահար հրացանների լեգենդն է: Չկա աշխարհում մի արհեստավարժ դիպուկահար, որ չկամենա կրակել այս զենքից: Այն դասական հրացանների խորհրդանիշ է, որը սկիզբ է առնում ամենաառաջին բազմալիցք գերմանական և անգլիական հրացաններից: Համարվում է աշխարհի ամենատարածված դիպուկահար հրացան: Կան “Remington 700” բազմաթիվ տեսակներ (կան նաև որսորդական տարբերակներ), որոնք կիրառում են արևմտյան բոլոր հայտնի, հզոր փամփուշտները և լավագույն նշանոցները: Հիմնական տեսակի մոտ “308 Winchester” (7.62x51մմ) փամփուշտն է: Տեխնիկապես իրենից ներկայացնում է 4 լիցքանի սահող փակաղակով, դասական կառուցվածքի, սովորական դիպուկահար հրացան: Հրացանի արտադրությունը սկսվել է 1962թ. և մինչ օրս շարունակվում է: “R 700”-ը մեծ մասսայականություն է վայելում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ` ամբողջ աշխարհում: Այն ունի տարբեր տեսակներ և ամենատարածված ու ամենակիրառվող դիպուկահար հրացանն է աշխարհում: Այս հրացանի հիման վրա են ստեղծվել այնքան հայտնի դիպուկահար հրացաններ, ինչպիսիք են` “M-24”-ը, “M-40”-ը և այլն: “R 700”-ի տեսակներից թերևս, որպես վերջին նմուշ, կարելի է առանձնացնել “R 700 XCR TACTICAL”-ը, որը կրակում է “.338 Lapua Magnum” (8.59x70մմ) փամփուշտներ: Այդ փամփուշտը յուրօրինակ է: Ունենալով 8.59x70մմ տրամաչափ` այն ապահովում է դիպուկ խոցում` մինչև 1800մ հեռավորության վրա: Մեծ տրամաչափերից ցածր, ամենահզոր և դիպուկ փամփուշտն է աշխարհում, որի միակ մրցակիցն ամերիկյան համանման “.338 Remington Ultra Magnum”-ն է:

________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

четверг, 26 апреля 2012 г.

F-18E Super Hornet



“F-18E Super Hornet”
Պետությունը ԱՄՆ
Տեսակը Բազմանպատակ կործանիչ
Ընկերությունը “Boeing”
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1995թ.
Երկարությունը 18.31մ
Թևերի բացվածքը 13.62մ
Բարձրությունը 4.88մ
Թռիչքային քաշը 29937կգ
Թռիչքի առավելագույն արագությունը 1950կմ/ժ
Թռիչքի առաստաղը 15240մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3300կմ
Մարտական բեռնվածքի քաշը 8000կգ
Անձնակազմը 1-2 մարդ

“F-18 E Super Hornet”-ը բավականին նոր ինքնաթիռ է և “F-18 Hornet”-ի կատարելագործված տեսակն է: Ի տարբերություն հին տեսակի` թևերի բացվածքը 20% մեծացված է: Այս մոդելում ընդլայնված են ինքնաթիռի մարտական հնարավորությունները: Տեղադրված է նոր ռադիոտեղորոշման համակարգ, և նվազագույնի է հասցված ինքնաթիռի խոցելիությունը մարտի ժամանակ: Այս հարցում ԱՄՆ-ի ՌՕՈւ-ը շատ հավասարակշիռ մոտեցում է ցուցաբերել: Այս մոդելում “Boeing” ընկերությունը շեշտը դրել է ոչ թե ինքնաթիռի քիչ տեսանելիության վրա, այլ` մարտում կենսունակության և մարտական ունակությունների ընդլայնման վրա: “F-18 E Super Hornet”-ը ճկուն և արագընթաց ինքնաթիռ է, ոչ լիարժեք հինգերորդ սերնդի կործանիչ: Ինքնաթիռը կիրառվում է ոչ միայն որպես ՌԾՈւ-ի (Ռազմածովային ուժեր) հիմնական կործանիչ, այլ նաև կարող է հանդես գալ որպես լիցքավորող (այս առումով այն բացառիկ է): Նոր “Super Hornet”-ը նաև հանդես է գալիս, որպես ՌԾՈւ-երի ռադիոպայքարի հիմնական ինքնաթիռ, որի համար զինված է գերժամանակակից համակարգերով: Թեև “F-18 E Super Hornet”-ը բավական հաջող է իրեն դրսևորել պատերազմական գործողությունների ժամանակ և ապացուցել է իր իսկական բազմանպատակությունը, սակայն, ի տարբերություն իր ավագ եղբայրների (“F-15 Eagle”, “F-16” “Fighting Falcon”), բացառիկ ցուցանիշներ չի գրանցել: Վերջին կիրառությունը Լիբիայում ևս ապացուցեցին այս կործանիչի հիանալի հատկանիշները, սակայն ևս մեկ անգամ փաստեցին, որ այս կործանիչի ավանդական թույլ տեղը մնում է շարժիչների հզորությունը: Դրանց վերացման դեպքում այն կարող էր հայտնվել 4-5-րդ տեղում `հետ թողնելով ռուսական բոլոր կործանիչներին, քանի որ մարտական հատկանիշները ընդհանուրով բավականին առաջնային դիրքերում են:


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

ՄիԳ-31







“МиГ-31”
Պետությունը ԽՍՀՄ / ՌԴ
Տեսակը Կործանիչ-կալանիչ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1981թ.
Երկարությունը 22.6մ
Թևերի բացվածքը 13.46մ
Բարձրությունը 5.1մ
Թռիչքային քաշը 46000կգ
Թռիչքի առավելագույն արագությունը 3000կմ/ժ
Թռիչքի առաստաղը 21600մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3300կմ
Մարտական բեռնվածքի քաշը 3000կգ
Անձնակազմը 2 մարդ

Չորրորդ սերնդի առաջին խորհրդային կործանիչ-կալանիչ “МиГ-31”-ը ստեղծված է (հատկապես միջին և մեծ հեռավորություններում) օդային թիրախները որսալու և ոչնչացնելու համար `ցերեկով և գիշերով, անկախ եղանակային պարզ և բարդ պայմաններից (նաև հակառակորդի ակտիվ և պասիվ ռադիոխանգարումների դեպքում): “МиГ-31”-ը բավական հզոր, գերձայնային կործանիչ է` համալրված նոր տեխնոլոգիաներով: “МиГ-31”-ի ստեղծման աշխատանքները սկսվել են 1968թ: Այն ստեղծվել է “МиГ-25”-ի հիման վրա: Այս ինքնաթիռի մոտ մարտական գործողությունների հնարավորությունները լայնորեն ընդարձակվել է` շնորհիվ նոր ռադիոտեղորոշման էլեկտրոնային համակարգի: Այն շատ արդյունավետ ինքնաթիռ է: Չորս “МиГ-31”-ից բաղկացած խումբը կարող է հսկել 800-900կմ լայնքով տարածք: Այն ունի նաև օդում վերալիցքավորվելու հնարավորություն: “МиГ-31”-ի անվան հետ մինչ օրս շատ անհայտ բաներ կան կապված: Միայն մի նախադասությամբ կարելի է նշել, որ “МиГ-31”-ը ՌԴ-ն ամենաարդյունավետ և հզոր հակաօդային պաշտպանության համալիրն է: Այն կարող է միաժամանակ հայտնաբերել հարյուրավոր նշանակետեր, ուղեկցել նրանցից 24-ին, որոշել ամենավտանգավորներին և խոցել միաժամանակ 8-ին` մինչև 180-200կմ հեռավորության վրա: Այս ծանրաքաշ կործանիչը, շնորհիվ իր բացառիկ հնարավորությունների և սպառազինության, յուրահատուկ տեղ է գրավում համաշխարհային ավիաշինությունում: 


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

ՍՈՒ-30







“Су-30”
Պետությունը ԽՍՀՄ / ՌԴ
Տեսակը Բազմաֆունկցիոնալ կործանիչ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Առաջին թռիչքը 1989թ.
Երկարությունը 21.9մ
Թևերի բացվածքը 14,7մ
Բարձրությունը 6.35մ
Թռիչքային քաշը 33000կգ
Թռիչքի առավելագույն արագությունը 2125կմ/ժ
Թռիչքի առաստաղը 19820մ
Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3500կմ
Մարտական բեռնվածքի քաշը 8000կգ
Անձնակազմը 2 մարդ

ԽՍՀՄ ռուսական բազմաֆունկցիոնալ երկտեղանի կործանիչը ստեղծված է “Су-27”-ի հիման վրա և նրա կատարելագործված տեսակն է: Ստեղծվել է օդում գերազանցություն ապահովելու նպատակով: Ինքնաթիռը հիանալի է իրեն դրսևորում մոտիկ մարտերի ժամանակ: Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար: Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը:Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել: Ի տարբերություն “Су-27”-ի` “Су-30”-ն ընդունակ է մարտական գործողություններ վարել ավելի մեծ հեռավորությունների վրա` միևնույն ժամանակ հրամանատարական կետ հանդիսանալով այլ ինքնաթիռների համար: “Су-30”-ն ունի նաև օդում վերալիցքավորման հնարավորություն: Նոր ռադիոլոկացիոն, համակարգչային լուծումների և նոր հրթիռների շնորհիվ է, որ մարտական առաջադրանքներ կատարելիս մեծացել է կործանիչի արդյունավետությունը: Նշենք, որ “Су-30”-ը հիմնականում գտնվում է հնդկական ՌՕՈւ-երի սպառազինության մեջ, իսկ ռուսական ՌՕՈւ-երում դրանց քանակը սահմանափակ է: Մի քանի զորավարժությունների ժամանակ հնդկական կործանիչներն օդային ուսումնական մարտերում հաղթել են ամերիկյան և եվրոպական կործանիչներին, ինչը հիմք ծառայեց, որպեսզի արագացվի “F-22”-ի ծրագիրը: 


________________________________________________________________________________
Նյութը'
Ռազմական Փորձագետ
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ